ՄԱԿ-ը 2015 թվականին կընդլայնի սիրիահայերին տրամադրվող օգնությունը

ՄԱԿ-ը 2015 թվականին կընդլայնի սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը 2015 թվականին Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 մլն 500 հազար դոլար, որի 66 տոկոսը հատկացվելու է ՀՀ-ում պաշտպանություն գտած սիրիահայերի և այլ փախստականների առաջնային կարիքները հոգալուն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

2013 թվականին այդ գումարը եղել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, իսկ դրան նախորդող տարիներինˋ 500-600 հազար ԱՄՆ դոլար: «Սա բավականին մեծ գումար է, և փախստականների հրատապ կարիքները առավելագույնս բավարարելու տեսնակյունից շատ պատասխանատու տարի է մեզ սպասում: Աճում է նոր ժամանող փախստականների թիվը, ովքեր շատ ավելի կարիքավոր են, քան տարիներ առաջ ժամանածները: Միաժամանակˋ այն ընտանիքները, որոնք, ունենալով որոշակի խնայողություններ, ժամանման առաջին տարիներին չեն դիմել գրասենյակ, հիմա, հնարավորություն չունենալով դիմակայել ինտեգրման մարտահրավերներին և սպառելով իրենց գումարները, դիմում են մեզ: Մեր խնդիրն է պահպանել հավասարակշռությունը և ավելի շատ ընտանիքներ ընդգրկել մեր ծրագրերում»,- ասաց Հայրապետյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ուշադրութան կենտրոնում են լինելու Սիրիայից տեղահանված անձանց հրատապ օգնության ծրագրերը, որոնք ներառում են տան վարձերի մասնակի փոխհատուցում, նոր կյանք սկսելու համար անհրաժեշտ կենցաղային պարագաների տրամադրում, առողջական խնդիրներ ունեցող անձանց դեղորայքային միջոցների ապահովում և օժանդակություն բուժման ծախսերը հոգալու համար, սոցիալական ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև օգնություն կրթական հարցերում:

«Ավելի քան վեց հազար ընտանիք է օգտվել մեր հրատապ օգնության ծրագրերից: Երեխաների խնդիրները հատուկ ուշադրության տակ պահելու նպատակով այս տարի գործընկերային հարաբերություններ ենք սկսել «Փրկել երեխաներին» կազմակերպության հետ»,- նշեց Անահիտ Հայրապետյանը:

Նրա խոսքովˋ հրատապ ծրագրերին զուգընթաց ընդլայնվելու են նաև ինտեգրացիոն ծրագրերը: «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակում տեղացի կամավոր ընտանիքները կամ անձինք ընկերանում են սիրիահայ ընտանիքների և այլ ազգերի փախստական անձանց հետ և օգնում հարմարվել Հայաստանի պայմաններին: Անցյալ տարի ծրագրում ներգրավվել են 45-50 կամավոր ընտանիքներ:

Հայրապետյանի կարծիքովˋ այս ծրագիրը մնայուն լուծում է առաջարկում ինտեգրացիոն խնդիրների համար, քանզի ծրագրի ավարտին այդ ընտանիքները շարունակում են կապը պահպանել, և բարեկամական հարաբերություններ են առաջանում նրանց միջև: ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական ընկերության միջոցով ՄԱԿ-ի գրասենյակը խրախուսում է երիտասարդներին, ինչպես նաև կանանց ու աղջիկներին` ներգրավվել հասարակական կյանքում, կրթական ծրագրերում և ձեռք բերել հմտություններ: Կարմիր խաչի հայկական ընկերությունը, ուսումնասիրելով ինտեգրացիոն խնդիրները, օգնում է աշխատանքային գործաքներ ձեռք բերել և օժանդակում տնայնագործական գործունեություն և բիզնես վարել ցանկացողներին:

Իսկ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ ՄԱԿ-ի գրասենյակը խրախոսում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանըˋ դասընթացներ անցկացնելով բիզնեսի ասպարեզում, սիրիահայերին ծանոթացնելով ՀՀ օրենսդրական դաշտին: «Ինչպես բոլորիս քաջ հայտնի է, այդ ձիրքը շատ ակնառու է սիրիացիների շրջանում,- նկատում է Հայրապետյանը,- 4 տոկոս տոկոսադրույքով վարկ է տրամադրվում այն սիրիահայերին, որոնց բիզնես առաջարկներն արժանանում են հանձնաժեղովի հավանությանը: Այդ կերպ նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում»:

2015-ին կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել նաև առանձին մասնագիտությունների խոհարարների, լուսանկարիչների, դիզայներ-մոդելավորողների, վարսավիրների ուսուցանման ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են լինելու հեռավոր գյուղերում ապրող սիրիահայերը:

Իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնական կայքի տրամադրած տեղեկատվության համաձայնˋ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը իշխանություններին կօժանդակի կացարանների կառուցման հարցում: Դա կօգնի ամրապնդել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության կառավարման ազգային իրավական շրջանակը միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց, իսկ տեղական գործընկերները և հաստատությունները կմոբիլիզացվեն տեղական պայմաններին փախստականների ինտեգրումը խթանելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը կշարունակի աջակցել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերինˋ բավարարելու Հայաստանում պաշտպանություն գտած մոտ 15000 սիրիահայերի կարիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում