Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովը արդեն ձևավորվել է
Նմանատիպ
Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է և առաջին նիստը կանցկացնի այս տարվա աշնանը. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Մոսկվայում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:
«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր’ մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիր ու պատրաստել «ճանապարհային քարտեզ»»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով’ ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ 2011թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 32%-ով:
Բացի այդ, ըստ Պուտինի, Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներն իրենց ընտանիքներին են ուղարկում տարեկան մոտ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:
Իր հերթին, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ 1 մլրդ դոլարն ապրանքաշրջանառության գագաթնակետը չէ:
«Առաջիկա 2-3 տարիներին ապրանքաշրջանառությունը կարելի կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում հաջող համագործակցությունը: «Մենք երկարաձգեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Գտնում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր անվտանգության շահերից է բխում»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ աշնանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում