«Հրապարակ».Եթե Աբովյանի քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի

«Երեկվանից Աբովյանի քաղաքապետարանի շենքը գրեթե դատարկ էր։ Քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, առավոտից շենքում չէր, բջջայինն էլ անջատել էր։ Նրա օգնականները, խորհրդականը, քարտուղարն ու քարտուղարուհին՝ բոլորը տեղում չէին, կարծես արդեն եկել էր նոր քաղաքապետը, և իրենք բոլորն աշխատանքից ազատված են»,– գրում է ՝ «Հրապարակը» եզրակացնելով, որ հիմնարկում այսպիսի լքված վիճակներ լինում են այն ժամանակ, երբ շեֆին նրա շեֆը կամ հեռացրած է լինում, կամ էլ նրա «հարցը դրած»։

Թերթը շարունակում է. «Բայց Աբովյանում թերթեր են կարդում, և շարքային աբովյանցին էլ գիտի, որ քաղաքապետի աթոռին կտրուկ հարստացած Գուլոյանը զրկվել է աներոջ բարեհաճությունից և ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան, որ այս անգամ էլ իրեն օգնի աթոռին բարձրանալ։ Մարդիկ իրար են փոխանցում Ծառուկյանի՝ էպոսի չափ պարզ խոսքը՝ ուղղված փեսային. «Դու վատ ես աշխատում, ժողովուրդը քեզանից դժգոհ է»։ Կարո Գուլոյանի մասին պատմում են, որ Աբովյան քաղաքն ու Աբովյանի քաղաքապետարանն իրար հետ կապ չունեն, որ նրան բարև տալուց բարև չեն առնում, միջոցառումների էլ գալիս, 10 րոպե երևում-գնում է։ «Եթե մեր քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի»,– վստահեցնում են քաղաքացիները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում