Իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը կշարունակվի «ներկա սերնդի կյանքի ընթացքում». Լոնդոն

Իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը կշարունակվի «ներկա սերնդի կյանքի ընթացքում». Լոնդոն

Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը չի նշանակի Իսլամական ծայրահեղականության գաղափարախոսության լիակատար պարտություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հարցազրույցում, որը փետրվարի 3-ին հրապարակվել է The Sydney Morning Herald թերթում:

«Չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել եւ հուսալ, որ, եթե մենք ջախջախենք «Իսլամական պետությունը» Սիրիայում եւ նրան վռնդենք Իրաքից, այդ գաղափարախոսությունը՝ դրա որեւէ դրսեւորմամբ, չի հայտնվի մեկ այլ վայրում»,- ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, որը Սիդնեյում մասնակցել է Մեծ Բրիտաիայի եւ Ավստրալիայի ԱԳ եւ պաշտպանության նախարարների ամենամյա հանդիպմանը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Համոնդը կանխատեսել է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը կշարունակվի «ներկա սերնդի կյանքի ընթացքում»: Ընդսմին, նախարարի կարծիքով, այդ պայքարի ռազմական բաղադրիչը ամենադժվարինը չէ: «Շատ ավելի կարեւոր է այն գաղափարախոսությանը դիմակայելը, որն արձագանք է գտնում խոցելի մարդկանց շրջանում»,- հավելել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե Արեւմուտքն այժմ հաղթում է արդյոք իսլամական ծայրահեղականությանը, Համոնդն ասել է. «Մենք առաջ ենք շարժվում, բայց հասկանում ենք, որ դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ իրադրությունը հսկողության տակ կառնվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում