Դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր. Արցախի փոխվարչապետ

Դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր. Արցախի փոխվարչապետ

Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Karabakh-life.am կայքը, մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։

Արցախի հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով դեպքերի նախապատմությանը, Ա. Աղաբեկյանը նշել է, որ դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ զանգել էր Ժիրայր Սեֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սեֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում:

«Մենք առաջարկել ենք՝ խմբի, որի հետ պետք է որոշում կայացնի, միասին գան Արցախ և քննարկենք հարցը» – պատմում է փոխվարչապետը:

Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ինչպես Ա. Աղաբեկյանն է ասում, հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ դա հանդիպում էր մարտական ուղի անցած մարդկանց միջև:

«Նախագահը երկար խոսեց, բացատրեց, որ աշխարհի ամբողջ հայությունը շատ ուշադիր է Արցախի հանդեպ, որ այստեղ տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, այստեղից հնչած ամեն մի հայտարարություն, կարծիք ու արտայատություն լուրջ արձագանք է գտնում հայության մոտ: Արցախը գնահատում է յուրաքանչյուր հայի վերաբերմունքը, ավանդը այս հողի շենացման հարցում և չի կարող մասնակիցը լինել քաղաքացիական անհնազանդություններին, առավել ևս, չի կարող ինչ որ ձևով ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նախագահը նաև խոսեց ներկա իրավիճակում ծանր մարտահրավերների մասին՝ անկանխատեսելի ռազմավարություն ունեցող թշնամի, ինչի արդյունքում, առաջնագծում իրավիճակի դիմակայման լուրջ խնդիր, սոցիալական ու տնտեսական մարտահրավերներ» – պարզաբանել է Արթուր Աղաբեկյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ, զրույցի վերջում եկել էին ընդհանուր հայտարարի. խումբը համաձայնել էր Արցախի տեսակետի հետ: «Սակայն հաջորդ իսկ օրը մենք տեսանք բոլորովին այլ հայտարարություններ, կոչեր, արտահայտություններ՝ սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում և այլն» – պատմում է փոխվարչապետը: «Բացի դրանից, Ժ. Սեֆիլյանը իր քաղաքական հայացնքներն է փոխում, ինչին մեզ տեղյակ էլ չի պահում: Մենք իրեն տեսնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, հետո մեկ ուրիշի, հետո առանձին… հիմա մենք ինչպե՞ս իմանանք ՝ որն է գաղափարը կամ ինչ կյանք ունի այդ գաղափարը», – ասել է Արցախի փոխվարչապետը:

Ա. Աղաբեկյանը նաև ափսոսանքով խոսեց Սեֆիլյանի և իր խմբակիցների կողմից նախապես հնչած վիրավորական արտահայտություններով հայտարարությունների մասին, որտեղ արհամարհանքով ու վարկաբեկիչ խոսքերով խոցեցին ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Արցախի երիտասարդների ինքնասիրությունը:

«Իրականում, ոստիկանապետն այլընտարնք չուներ, բացի նրանց երթի առաջխաղացումը կասեցնելուց, որովհետև, ավելի տհաճ ու ծանր արդյուքներ կունենայինք», -համոզված է Աղաբեկյանը:

Իրավական գնահատական տալուց փոխվարչապետը զերծ է մնում: «Դրանով կզբաղվեն պատկան մարմինները: Իսկ ես ասեմ, որ դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր: Ինչ մնում է հերոսի կամ ազատամարտիկի անունը շահարկելուն, ապա, կասեմ հետևյալը՝ եթե դու քո կյանքում հերոսություն ես արել, բայց այդ հերոսությունը մեկ անգամ է եղել և հետագայում չի շարունակվել, ուրեմն այդ հերոսությունը պատահական է եղել: Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը: Պատերազմի տարիներից այնքան անհայտ հերոսներ ունենք: Իսկ նրանց որտեղի՞ց գտնենք ու պատվենք: Կամ ո՞վ կարող է ասել, որ այսօր սահմանը պահող 18 տարեկան երիտասարդը հերոս չէ: Կամ ի՞նչ է նշանակում՝ եթե հերոս է, ուրմեն ամեն ինչ իրեն թույլատրելի է՞», -ասել է Արթուր Աղաբեկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում