Քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ է նշանակվել Կարինե Դանիելյանը

Երևանի քաղաքապետին կից բնապահպանական հարցերով հանձնաժողովի առաջին նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է մայրաքաղաքի կանաչատման ծրագրերի ուղղությամբ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը և ընգգծել, որ աշխատանքներ են տարվում հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու և ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները, հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Երևանը, լինելով զարգացող քաղաք, բնականաբար, ունի նաև իր խնդիրներն ու, ըստ այդմ, նաև դրանց հնարավոր առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ բնապահպանական հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց ճիշտ, արդյունավետ և հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի լուծումներ ապահովելը պետք է լինի: Որպես Երևանի քաղաքապետ՝ ձեզանից ակնկալում եմ սրտացավ և հետևողական աշխատանք, որի արդյունքում համատեղ կկարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերի նախագծերի քննարկման փուլում միանշանակ հաշվի է առնվելու նաև հանձնաժողովի եզրակացությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ըստ աղբյուրի, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի ստեղծման և քաղաքաշինական ծրագրերի քննարկմանը գործնական մասնակցության հնարավորություն ընձեռելու համար, նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլև մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման և կարգավորման հարցում:

Իր խոսքում ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը’ Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաև Երևանում և, որպես ասվածի լավագույն ապացույց, մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքների օրինակը:
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվող եզրակցությունը կլինի առավել ամբողջական և հիմնավոր:

Օգտվելով առիթից, հանձնաժողովի անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև առաջարկություններ ինչպես հանձնաժողովի գործունեության կազմակերպման, այնպես էլ բնապահպանական խնդիրների կարգավորմանն առնչությամբ:
Ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ համաքաղաքային նշանակության ծրագրեր իրականացնելիս բնապահպանական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացություններն անպայման հաշվի կառնվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում