Ադրբեջանում ցանկանում են Ուկրաինայի դեսպանին «անցանկալի անձ» հայտարարել

Ադրբեջանում ցանկանում են Ուկրաինայի դեսպանին «անցանկալի անձ» հայտարարել

Ադրբեջանում, հնարավոր է, Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն «անցանկալի անձ» հայտարարվի այն բանի համար, որ նա պաշտոնական Բաքվին մեղադրել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանին ձայնից զրկելու հետ կապված քվեարկության ժամանակ «կողմ» քվեարկելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթն իր «Իշխանությունը երազում հաճախ Մայդան է տեսնում» հոդվածում:

Միշենկոն բողոքել էր, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես հետեւում են իրեն եւ հորդորում համալսարաններում ուսանողների առաջ ելույթներում չքննադատել Ռուսաստանին: «Իշխանությունները գրաքննության են ենթարկում ինձ»,- դժգոհել է նա:

Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շոկային վիճակի մեջ է ընկել Բաքվում Միշենկոյի ունեցած ելույթի պատճառով, քանի որ կարծում էին, թե մշտապես կկարողանան լռեցնել յուրաքանչյուրին:

Պարբերականի կարծիքով` Ուկրաինայի դեսպանի համարձակ ելույթը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, եւ մյուս դեսպաններն էլ սկսեն խոսել բացահայտ:

«Իշխանությանը քծնողները հերթ են կանգնել, որպեսզի “persna-non qrata” հայտարարեն Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոյին»,- գրում է թերթը: Թերթը համոզմունք է հայտնում, որ նման դեպքում Ադրբեջանում հավատարմագրված մյուս դեսպանները կսկսեն պատպանել Միշենկոյին, քանի որ նրանց մեծամասնությունը համակարծիք է Ուկրաինայի դեսպանի դիրքորոշմանը:

Ադրբեջանցի քաղաքագետ, «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ minval.az-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության դիրքորոշումը պայմանավորված է պաշտոնական Բաքվի ռուսամետ արտաքին քաղաքական ուղղվածությամբ: «Ադրբեջանը շուտով Մոսկվայի հետ կսկսի համաձայնեցնել իր հարաբերությունները երրորդ երկրների հետ»,- ասել է Օրուջլուն:

Moderator.az լրատվական կայքը փետրվարի 3-ին հայտնել էր, որ ուկրաինացի դեսպանն իր այդ բողոքը հայտնել է փետրվարի 2-ին Բաքվում «Ռուսաստանն այսօր» միջազգային մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի` 2014 թվականին Ուկրաինայում ողբերգական իրադարձություններին նվիրված «Մայդանից Մայդան» գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում: Դեսպանը Ադրբեջանին մեղադրել է Ռուսաստանին պաշտպանելու մեջ:

Կայքը հայտնում է, որ Ուկրաինայի դեսպանի այդ մեղադրական ելույթից հետո դահլիճում լուրջ աղմուկ է բարձրացել: Փոխադարձ մեղադրանքներով ընթացող հավաքում ուկրաինացի դեսպանը, «դուրս գալով դիվանագիտական էթիկայի սահմաններից», Ադրբեջանի հասցեին խիստ մեղադրանքներ է հնչեցրել:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելուն «կողմ» քվերակելու համար Ադրբեջանի պատվիրակությանը դատապարտել է նաեւ Ադրբեջանի «Դասական ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում