Նավթի մեկ դոլար էժանացումից Ադրբեջանը օրական 700 000 դոլար է կորցնում

Նավթի մեկ դոլար էժանացումից Ադրբեջանը օրական 700 000 դոլար է կորցնում

Ադրբեջանի Caspian Barerrel նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է նավթի համաշխարհային գների անկման հետ կապված խնդիրների, էներգետիկ նախագծերի վրա այդ գործոնի ազդեցության, ինչպես նաեւ ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ փոխադրելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փորձագետը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարում, թե ինչքան կորուստ կունենա երկիրը նավթի գների անկումից:

«2013 թվականին մեկ բարել նավթն արժեցել է 109 դոլար, 2014 թվականին` 101 դոլար: Ադրբեջանը տվյալներ չի հաղորդել այդ շրջանում ունեցած իր կորուստի մասին: Հունվարին ադրբեջանական նավթի արտահանումը միջին հաշվով օրական կազմել է 700 հազար բարել: Եթե ենթադրենք, որ նավթի գինն օրական նվազել է 1-2 դոլարով, ապա կորուստն ամեն օր կազմել է 700 հազար դոլար»,- ասել է նա:

Այն հարցին` հնարավոր է, որ Ադրբեջանը վերանայի 2015 թվականի իր բյուջեն, որում նավթի գինը հաշվարկված է մեկ բարելի դիմաց 90 ԱՄՆ դոլար, Շաբանը կարծիք է հայտնել, որ 2015 թվականին նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց 60 դոլարից ավելի չի կազմի:

«Մեկ բարելի դիմաց 60 դոլար նավթի գնի դեպքում նավթից հարկային մուտքերը կկազմեն 600 մլն մանաթից քիչ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2014 թվականի համեմատ 2015 թվականին կստանա կանխատեսվածից 5,5 մլրդ մանաթով ցածր եկամուտ», – ընդգծել է Շաբանը:

Անդրադառնալով ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ փոխադրելու գործում ուշացումներին` փորագետը նշել է, որ «այստեղ եւս գործընթացը շատ բարդ է»:

«Անդրանատոլիական` TANAP եւ Անդրադրիատիկ` TAP նախագծերը կավարտվեն, համապատասխանաբար, 2018 եւ 2020 թվականներին: Այսինքն` ադրբեջանական գազը եվրոպական շուկա կհասնի միայն 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Այդ իմաստով պարզ չէ` ինչքանով է Եվրոպան անկեղծ ադրբեջանական գազն իր շուկաներ արտահանելու հարցում»,- պարզաբանել է Իլհամ Շաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում