Վարչապետը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ Կառավարության մամլո գրասենյակից:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին.

«Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:

Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում:

Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները:

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից:

Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում