«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն շարունակելու է իր պայքարը՝ հեռուստասերիալներում կանանց դեմ բռնությունը վերացնելու համար
Նմանատիպ
Վերջերս «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հայկական հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության և կանանց նվաստացման շարունակական դրսևորումների դեմ:
Բողոքի ալիքը սկսվել էր հուլիսի 27-ին կազմակերպված բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ ցուցադրվեց կազմակերպության կողմից մշակված մի հոլովակ, որը կարճ ժամանակում ունեցավ ավելի քան 8000 դիտում: Ակցիայի ընթացքում սկսվեց ստորագրահավաք, որին միացան 200 անցորդներ, այնուհետև բացվեց առցանց ստորագրահավաք, որին կարող եք հետևել այստեղ:
««Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է հեռուստաեթերով կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան և հայտնում, որ այսուհետ շատ ավելի հետևողական ու պահանջկոտ է լինելու հեռուստաեթերից գենդերային հիմքով բռնությունները, սեքսիստական արտահայությունները և կնոջ նվաստացումները նվազեցնելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին բողոքի ալիքը մեծացնելու և առավել ազդեցիկ դարձնելու նպատակով:
Պահանջարկը ծնում է առաջարկ. մենք պահանջում ենք դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք դեմ ենք, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ:
Նշենք նաև, որ «Արմենիա TV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի վերջին շաբաթվա մոնիտորինգը արձանագրել է որոշ դրական տեղաշարժեր: Մասնավորապես՝ պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց, իսկ հերոսուհիներից մեկը նույնիսկ աշխատանքի է անցել:
Այդուհանդերձ, կազմակերպությունը այսքանով չի սահմանափակվելու և դեռ շարունակելու է պայքարը. օգոստոսի 17-ին ՀՀ բոլոր հեռուստաընկերություններ պաշտոնական նամակ է ուղարկվելու: Նամակին կցվելու են նաև ՀՀ քաղաքացիների հարյուրավոր ստորագրությունները»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում