Ստամբուլում շինության տարածքում հայտնաբերված երկրորդ գերեզմանաքարը պատկանել է հայ ամիրայի

Ստամբուլում շինության տարածքում հայտնաբերված երկրորդ գերեզմանաքարը պատկանել է հայ ամիրայի

Պոլսահայ նշանավոր ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքում հայտնաբերվելուց հետո հայտնի է դարձել, որ նույն հատվածում գտնված երկրորդ գերեզմանաքարը պատկանել է հայ ամիրա Սիմոն Դադյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Քանի որ ի տարբերություն Կարապետ Պալյանի գերեզմանաքարի` Դադյանի գերեզմանաքարի վրա եղած գրությունը դժվար ընթեռնելի է եղել, սկզբում չեն կարողացել որոշել, թե ում է այն պատկանում: Ներկայում գերեզմանաքարերը տարվել են Հնագիտության թանգարան: Պոլսո Հայոց պատրիարքարանն աշխատանքներ է տանում Պալյանի և Դադյանի, ինչպես նաև շատ ուրիշ կորած գերեզմանաքարեր հայկական համայնքին վերադարձնելն իրականացնելու համար:

Սիմոն Դադյանը ծնվել է 1786 թվականին: Հոր մահից հետո` 1812 թվականից մինչև իր մահը` 1832 թվականը եղել է արքունի վառոդապետ Օսմանյան կայսրությունում: Նա հայտնի է նաև որպես Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական եկեղեցու հիմնադիր:

Դադյան տոհմի նախահայրը Մահտեսի Առաքել Դադյանն է (1753-1812), ով Պոլիս է գաղթել Ակն գավառի Ապուջեխ գյուղից։ 1795 թ. ստացել է ամիրայի կոչում և նշանակվել արքունի վառոդապետ։ Շուրջ մեկ դար Դադյանների շառավիղները Օսմանյան կայսրությունում ղեկավարել են արքունի զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում