Սիրիական բանակը վերահսկում է Հասաքե մարզի 4 գյուղերը

Սիրիական բանակը վերահսկում է Հասաքե մարզի 4 գյուղերը

Սիրիական բանակն ամբողջության վերահսկողություն է հաստատել Հասաքե մարզի մի շարք գյուղերի վրա՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» հավաքատեղիները, նրանց զենքերն ու թաքստոցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը վերականգնել է Հասաքե քաղաքի հարավային հատվածում գտնվող Ուատուատիա, Ջամու, Մազրաա Ջամու գյուղերը, ինչպես նաև Բաբ ալ Խեյր գյուղի մի մասը:

Մի քանի օր առաջ բանակը վերահսկողություն էր հաստատել մարզի ևս մի քանի գյուղերի վրա: Բախումների ժամանակ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, նրանցից որոշներին հաջողվել է փախուստի դիմել:

Մյուս կողմից` Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հոմս-Հալեպ մայրուղու վրա զենքերով ու զինամթերով լի բեռնատար են հայտնաբերել: Այնտեղ նաև հայտնաբերվել է խոշոր գումար:

Զինյալների դեմ բախումները շարունակվում են Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջուրուդ Կալամուն, Զաբադանի, Դումա, Հարսթա, Զամլքա, Ջոբար շրջաններում:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Հալեպի Թելաթ Բարիդ շրջանում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԻՊ-ի որոշ անդամներ Հասաքեի Թել Աբյադ քաղաքում լքել են ահաբեկիչների շարքերը և հեռացել դեպի Թուրքիա:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերում կառավարական ուժերի դեմ կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ: Բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում