«Իսլամական բանակը» սպառնացել է Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի

«Իսլամական բանակը» սպառնացել է Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի

«Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը սպառնացել է Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խմբավորման անդամները փետրվարի 5-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնական թաղամասերի ուղղությամբ վերսկսել են ռմբակոծությունը: Արդեն իսկ տեղեկություններ են ստացվել տասնյակ հրթիռների և հրասանդների պայթյունների վերաբերյալ, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 30 մարդ: Դամասկոսի ոստիկանությունը ռմբակոծությունը համարել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ռմբակոծություններից ամենաուժգինը: Զինյալներն սկսել են ռմբակոծել մայրաքաղաքը բնակիչների աշխատավայրեր մեկնելու, դպրոց հաճախելու ժամերին:

Ռումբերն ընկել են Աբու Ռումանա, Ալ Մալիքի, Ջամարիք, Բարամքե թաղամասերում, Սաբաա Բահրաթ հրապարակում, Բաղդադ փողոցում և Հին քաղաքում: Արձակված հրասանդների թիվը գերազանցել է 40-ը:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, ծայրահեղական խմբավորման ղեկավարը խոստացել էր Դամասկոսի անդորրը խախտել ամենօրյա հրթիռակոծությամբ այն բանից հետո, երբ սիրիական օդուժը ռմբակոծել էր իր հենակետերը Համուրիա գյուղում և Դումա քաղաքում: Այժմ նրանց զայրացրել են Արևելյան Ղուտայի շ րջանում սիրիական բանակի գրանցած հաջողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում