Քրդական ուժերն ԻՊ-ից ազատագրել են Քոբանիի մերձակայքում գտնվող 50 գյուղ

Քրդական ուժերն ԻՊ-ից ազատագրել են Քոբանիի մերձակայքում գտնվող 50 գյուղ

Քրդական ինքնապաշտպանական ուժերը քրդաբնակ Քոբանի քաղաքն «Իսլամական պետությունից» ազատագրելուց հետո 10 օրվա ընթացքում ևս 50 գյուղ են ազատագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ցուցանիշն այնքան էլ հուսադրող չէ, քանի որ մոտ 350 գյուղ դեռ շարունակում են մնալ ահաբեկիչների վերահսկողության տակ:

Քրդական ուժերին օժանդակում են միջազգային դաշինքի օդանավերը, ոոնք 11 հարված են ուղղել Քոբանիի մերձակա գյուղերում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

Քոբանիի շրջանային վարչության ղեկավար Անուար Մուսլիմի խոսքով` Թուրքիայից բնակիչների վերադարձը դեռ չի սկսվել, հիմնական պատճառն այն է, որ քաղաքի շինությունների 90 տոկոսն ավերվել է ռմբակոծությունների հետևանքով:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետության» հետ թեժ բախումներից հետո ազատագրվել են Կաբաջիղ, Տաշլուկ, Կարմուղ գյուղերը, որոնք գտնվում են քաղաքի արևելյան հատվածում: Նախորդ շաբաթվա ընթացքում քրդական ուժերն ԻՊ-ից ազատագրել էին 17 գյուղ:

Մոտ 200 հազար մարդ ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում