ՀՀ ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Նոր Զելանդիայում
Նմանատիպ
Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Նոր Զելանդիա:
Օդանավակայանից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Մյուրեյ Մըքկալին ասաց. «Դուք մեծ քայլ կատարեցիք ընդունելով իմ հրավերը և, կտրելով այս երկար ճանապարհը, ժամանեցիք Նոր Զելանդիա, ինչը մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու՝ Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:
Բանակցությունների ընթացքում՝ երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:
Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր նորզելանդացի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրեց ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:
Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրեց այցելել Երևան:
Հայաստանի արտգործնախարարը այցելեց նաև Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:
Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին:
Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:
Լոկվուդ Սմիթը ներկայացրեց Նոր Զելանդիայում տնտեսական աճն ապահոված բարեփոխումների նախապատմությունը և իրականացման ընթացքը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվեց նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում