Դամասկոսի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

Դամասկոսի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

Դամասկոսի կենտրոնական թաղամասերում փետրվարի 5-ին տասնյակ ռումբեր ընկնելու հետևանքով տուժած հայերի մասին մինչև այժմ տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ իրավիճակն առավոտվա համեմատ այժմ ավելի հանգիստ է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել ավելի քան 35 մարդ: Ռումբերի պայթյուններից վնասվել են մոտակայքում գտնվող տները, այրվել են մեքենաներ:

Մյուս կողմից` Հալեպի Նիլ փողոցում հրթիռ ընկնելու հետևանքով խանութներ և շինություններ են վնասվել, ինչպես նաև ավելի քան 15 մեքենաներ: Եվս 2 հրթիռ ընկել է Լաթաքիա քաղաքի Ազհարի թաղամասում, ինչի հետևանքով 2 մարդ է վիրավորվել:

«Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը սպառնացել է Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի: Դամասկոսի ոստիկանությունը ռմբակոծությունը համարել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած ռմբակոծություններից ամենաուժգինը:

Ռումբերն ընկել են Աբու Ռումանա, Ալ Մալիքի, Ջամարիք, Բարամքե թաղամասերում, Սաբաա Բահրաթ հրապարակում, Բաղդադ փողոցում և Հին քաղաքում: Արձակված ռումբերի թիվը գերազանցել է 40-ը:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, ծայրահեղական խմբավորման ղեկավարը խոստացել էր Դամասկոսի անդորրը խանգարել ամենօրյա հրթիռակոծությամբ այն բանից հետո, երբ սիրիական օդուժը ռմբակոծել էր դրա հենակետերը Համուրիա գյուղում և Դումա քաղաքում: Այժմ նրանց զայրացրել են Արևելյան Ղուտայի շրջանում սիրիական բանակի գրանցած հաջողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում