«Հրապարակ».Մեր քաղաքական դաշտում ուժեղ, հստակ կողմնորոշմամբ, խիզախ ընդդիմության պակաս կա
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է. «Արտագաղթի ուժգնացմանը զուգահեռ, մեզանում ավելի ու ավելի է սրվում կադրերի, մարդկային ռեսուրսի դեֆիցիտը: Այդ դեֆիցիտն առկա է բոլոր բնագավառներում՝ կառավարման բարձրորակ մասնագետներից սկսած, վերջացրած պրոֆեսիոնալ լրագրողներով:
Բայց այսօր ուզում եմ խոսել քաղաքական հոսանքների ու քաղաքական գործիչների դեֆիցիտի մասին: Թվում է՝ ինչն է շատ մեր կյանքում. կուսակցություններն ու քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչները, ովքեր ուղղակի զզվեցրել են մարդկանց: Սակայն իրականում, երբ ուշադիր զննում ես, պարզվում է՝ շատ աղքատիկ է մեր քաղաքական դաշտը: Ներկապնակի մի քանի խունացած երանգից բացի ոչինչ չկա: Ո՞վ կարող է ժխտել, որ այսօր մեր քաղաքական դաշտում ուժեղ, հստակ կողմնորոշմամբ, խիզախ ընդդիմության պակաս կա:
Մի կողմից՝ մեր ավանդական կասկածամտությունն ու բոլորի ետեւում տարբեր «ականջներ» փնտրելու սովորույթը, մյուս կողմում՝ քաղաքական բոլոր ուժերի երկակի խաղերն ու ոչ հստակ դիրքորոշումը ամայացրին ընդդիմադիր դաշտը: Դաշտը բաց է նոր, ուժեղ, միաձույլ ընդդիմության համար:
Եթե պահը ճիշտ որսան եւ քայլերի հաջորդականությունը ճշգրիտ հաշվարկեն, եթե չխաբեն հասարակությանը եւ «համ իշխանություն, համ ընդդիմություն» խաղեր չտան, ապա նոր մարդկանց փոքրիկ խումբը կարող է այսօր զբաղեցնել այդ դաշտը եւ իր ետեւից տանել բողոքական մասսային: Միայն խիզախել է հարկավոր: Այսպես կոչված՝ երրորդ ուժի պահանջը վաղուց է հասունացել՝ Հայ ազգային կոնգրեսի թուլացման, Դաշնակցության այդպես էլ չկայացման, «Ժառանգության» անդեմության, «Ազատ դեմոկրատների» չկողմնորոշվածության ֆոնի վրա: Եվ բոլորովին կարիք չկա այդ ուժի ձեւավորումն ու անելիքը կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ընտրություններն անցողիկ են, քաղաքական կապիտալը՝ մնայուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում