Օտարերկրացիները հեռանում են Թուրքիայից

Օտարերկրացիները հեռանում են Թուրքիայից

Թուրքական լիրայի սրընթաց անկման պատճառով օտարեկրացի ներդրողներն սկսել են հեռանալ Թուրքիայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է բրիտանական Financial Times թերթն իր «Թուրքական լիրան դարձյալ արժեզրկվեց» վերտառությամբ հոդվածում:

Նշելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում թուրքական լիրան սրընթացորեն արժեզրկվում է, թերթը հետեւյալ կերպ է մեկնաբանել դրա պատճառը. «Կասկած չկա, որ օտարերկրյա ներդրողների մոտ տագնապ է առաջացրել Անկարայում նոր նախագահական պալատից Կենտրոնական բանկի նկատմամբ աճող ճնշումը: Դրա պատճառը կարող է լինել նաեւ վերջին ամիսներին երկրում կուտակված ներքին մեծ պարտքը»:

Թերթը նշում է, որ Թուրքիայից օտարեկրյա ներդրողների հեռանալու գլխավոր պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ այդ երկրի Կենտրոնական բանկը պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասցրել է 8 տոկոսի, այն դեպքում, երբ Լեհաստանում եւ Հունգարիայում այն նվազել է մինչեւ 1,6-2,6 տոկոսի:

Թուրքական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ լիրան սկսել է արագորեն կորցնել իր արժեքը այդ երկրի Կենտրոնական բանկի կողմից կարճաժամկետ տոկոսադրույքների վերացումից հետո, որից հետո մեկ դոլարի փոխարժեքն աճել է մինչեւ 2,4 լիրա: Ներկա դրությամբ` Թուրքիայում մեկ դոլարն արժե 2,4483 լիրա: Մասնագետները կանխատեսում են, որ Թուրքիայում դոլարն ավելի կթանկանա, եւ դոլարի փոխարժեքը կհասնի 2,5 լիրա: 2014 թվականի սկզբին Թուրքիայում մեկ դոլարն արժեր մոտ 1,78 լիրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում