Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունը Հորդանանը համարել է իր պատասխան գործողությունների սկիզբը

Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունը Հորդանանը համարել է իր պատասխան գործողությունների սկիզբը

Հորդանանը փետրվարի 5-ին օդային հարվածներ է ուղղել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դա ԻՊ-ի գործողությունների դեմ իրենց պատասխան քայլերի միայն սկիզբն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին CNN հեռուստաընկերությամբ հայտարարել է Հորդանանի Արտաքին գործերի նախարար Նասեր Ջոդան:

«Սա փաստացի համարվում է մեր պատասխան գործողությունների սկիզբը»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ իր երկիրը բոլոր հնարավոր միջոցներով կհետապնդի ապստամբներին:

Փետրվարի 5-ին Հորդանանի օդուժը սկսել է ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը՝ ի պատասխան գերի ընկած օդաչու Մուազ Յուսեֆ ալ Կասասբայի ողջակիզման:

ԻՊ-ն փետրվարի 3-ին համացանցում տեղադրել էր հորդանանցի օդաչուի սպանության տեսանյութը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան գերի էր ընկել ահաբեկիչների մոտ դեկտեմբերի 24-ին, երբ ահաբեկիչները Ռակկայում խոցել էին Հորդանանին պատկանող ինքնաթիռը: Օդաչուին ողջակիզել էին: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան առաջին օդաչուն էր, որ գերի էր ընկել ահաբեկիչներին: Դեկտեմբերի 30-ին Հորդանանը դադարեցրել էր ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հետ ռազմական գործողություններին մասնակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում