ՏԻՄ ընտրությունների համար թեկնածուների առաջադրման պատկերը տարբեր քաղաքներում

Վանաձորում օգոստոսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ’ «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը:

Արթիկում գրանցված 6 թեկնածուներից 4-ը հանրապետական են։ ՀՀԿ-ի մարզային կառույցից էլ հայտնել են, որ բոլոր 4-ն էլ ինքնաառաջադրված թեկնածուներ են, ուստի ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե կոնկրետ ո՞ր մեկին պետք է աջակցել, դրա համար դեռ ժողով պետք է հրավիրվի։

Ստեփանավանում առաջադրված են երեք թեկնածուներ. ինքնաառաջադրված անկուսակցականներ’ Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը և ֆերմեր Վարդան Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ, «Արգոս» ԲԲԸ տնօրեն Սերգեյ Մարգարյանը:

Տաշիրում ինքնաառաջադրված են անկուսակցական չորս թեկնածուներ’ գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

Ախթալայում, Թումանյանում և Շամլուղում առաջադրված են քաղաքապետերի երկուական թեկնածուներ:

Ախթալայում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Հայկազ Խաչիկյանը, ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Սուրեն Թամազյանը:

Թումանյանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Լևոն Զավարյանը, ինքնաառաջադրվել է «Բուրգ 909» ՍՊԸ-ի բանվոր, ՀՀԿ անդամ Ռոբերտ Մխիթարյանը:

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 113 համայնքներից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան 96-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում