Այսօր մեռելոց է. Երեկ Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը
Նմանատիպ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երեկ՝ օգոստոսի 12-ին հանդիսավորությամբ նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հանդիսանում է ՀԱԵ հինգ Տաղավար տոներից մեկը, ինչպես նաև Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է: Կառավարության որոշմամբ, տաղավար տոներին հաջորդող օրերը հայտարարվել են ոչ աշխատանքային:
Արարատյան թեմի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն’ Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր’ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին’ պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:
Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա:
Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել:
Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս’ հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն’ Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում’ հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին’ որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու’ Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում