Էդ.Նալբանդյանը պաշտոնական այց է կատարել Ավստրալիա. Ստորագրվել է հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը
Նմանատիպ
Օգոստոսի 12-13-ը տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրալիա:
Օգոստոսի 13-ին Կանբերայում կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարի բանակցությունները, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հայաստանյան իր պաշտոնակցին՝ Ավստրալիայի ԱԳ նախարարն ասաց, որ այս այցելությունը լավ հնարավորություն է ընձեռում նոր բովանդակություն հաղորդելու երկկողմ հարաբերություններին և ինքը տրամադրված է գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: «Առանձնահատուկ ջերմություն կա մեր երկրների միջև, որը ձևավորվել է Ավստրալիայում հաստատված և մեր երկրի զարգացմանը իրենց նշանակալի ներդրումը բերած հայերի շնորհիվ: Մենք ակնկալում ենք ակտիվորեն խորացնել ապագային միտված մեր հարաբերությունները»,-շեշտեց Ավստրալիայի ԱԳ նախարարը:
Շնորհակալություն հայտնելով Ավստրալիա հրավերի ու ջերմ ընդունելության համար և ընդգծելով, որ վերջին տարիներին կայացել է Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարների շուրջ տասը հանդիպում՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իր այցելության հիմնական նպատակը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերումն է:
Երկկողմ հարաբերությունների զարգացման ենթատեքստում զրուցակիցները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Միջազգային օրակարգի խնդիրների քննարկումների ընթացքում Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները արձանագրեցին, որ շատ հարցերի վերաբերյալ երկու երկրների տեսակետները համընկնում են կամ շատ մոտ են իրար:
Նախարարներ Նալբանդյանն ու Կարը մտքեր փոխանակեցին ճգնաժամային կետերում խաղաղապահ գործողություններին Ավստրալիայի և Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նախարար Կարը ներկայացրեց ասիա-խաղաղօվկիանոսիան տարածաշրջանում զարգացումները և Ավստրալիայի դերակատարությունը այդ գործընթացներում:
Ավստրալիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Բոբ Կարին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ եղած ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքների համար:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը՝ «ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի միջև խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիրը»:
Բոբ Կարը, ընդունելով պատասխան այցելությամբ Երևան ժամանելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, հայտնեց հաջորդ տարվա առաջին կեսին Հայաստան այցելելու մտադրության մասին:
Բանակցությունները շարունակվեցին Ավստրալիայի խորհրդարանի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ՝ Ավստրալիայի արտգործնախարարի կողմից ՀՀ ԱԳ նախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Սլիպերի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի խթանման վերաբերյալ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ որպես երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունեց ավստրալական կողմի մտադրությունը՝ ակտիվացնելու համագործակցության այդ ոլորտը:
Հայաստանի արտգործնախարարը Ավստրալիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները և տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Ավստրալիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ: Խմբի նախագահ Ջոֆ Լիոնսին և փոխնախագահ Ջոն Հոքեին ներկայացրեցին երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով իրենց գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բարեկամական խմբի աշխատանքները:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին հայանպաստ գործունեության համար և տեղեկացրեց Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի քաղաքականության մասին:
Կանբերայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Միջազգային հարաբերությունների ավստրալական ինստիտուտում, որտեղ Ավստրալիայի առաջատար քաղաքագետների և վերլուծաբանների առջև հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով, որին հետևեց հանգամանալից հարցուպատասխան Կովկասյան տարածաշրջանի զարգացումների, մերձավորարևելյան իրադարձությունների և միջազգային օրակարգի մի շարք այլ վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին Սիդնեյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցի, ուր մասնակցեց Սուրբ Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնի առթիվ մատուցված պատարագին:
Երեկոյան ԱԳ նախարարը հանդիպեց ավստրալահայ համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում