Իրանը Թուրքիային մեղադրել է Եմեն ահաբեկիչներ փոխադրելու մեջ

Իրանը Թուրքիային մեղադրել է Եմեն ահաբեկիչներ փոխադրելու մեջ

«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշել է առեւտրի եւ զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկա ամիսներին մեծացնել դեպի Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաք թռիչքների թիվը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական պաշտոնական Fars լրատվական գործակալութունը հայտնել է, որ Անկարայի այդ որոշման իրական նպատակը Եմեն ահաբեկիչներ փոխադրելն է:

Հղում կատարելով սեփական աղբյուրների վրա, իրանական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայում ահաբեկիչներին օգնելուց հետո հաջողությունների չհասած Թուրքիան իրականում ցանկանում է այժմ էլ մտնել Եմեն եւ ժողովրդական ուժերի ու Եմենի բանակի դեմ այդտեղ պատերազմել ցանկացող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման ահաբեկիչներին իր ավիաուղիներով փոխադրել Եմեն:

Fars-ը հաղորդել է, որ եմենյան աղբյուրները եւս հաստատել են, որ Թուրքիայի վարչախումբը ցանկանում է Սիրիայում եւ Իրաքում իրականացրած փորձը կիրառել նաեւ Եմենում, որոնք ոչ այլ ինչ են, քան իրական իսլամի հետեւորդներին անհավատության մեջ մեղադրող ահաբեկիչներին Իրաք եւ Սիրիա մտցնելն ու այդ երկրները խառնելն է:

Միջազգային մամուլն ավելի վաղ փաստեր էր հրապարակել Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ կռվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Թուրքիայի կողմից զենք եւ սպառազինություն մատակարարվելու, թիկունքային այլ օժանդակություն ցուցաբերվելու, ինչպես նաեւ իր տարածքը Սիրիա եւ Իրաք ահաբեկիչների տարանցման համար տրամադրելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում