Երևանի քաղաքապետը մասնակցել է երիտասարդական հավաքի բացման արարողությանը
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծաղկաձորում մասնակցել է <<Բազե 2012>> երիտասարդական ամենամյա հավաքի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
<<Բազե 2012>>-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոբելյանական 10-րդ համահայկական հավաքն է, որին այս տարի մասնակցում է 18-ից 30 տարեկան 400 երիտասարդ՝ Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ պետական դրոշի գույների ներքո՝ եռագույն ճակատներում, 42 ջոկատ է մասնակցում հավաքին. Երևանի ջոկատն այս տարի Նարնջագույն ճակատում է: Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանի ջոկատի անդամների հետ, ովքեր քաղաքապետին վստահեցրել են, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ: Երևանի քաղաքապետը հաջողություն է մաղթել երիտասարդներին:
Հավաքի շրջանակում, օգոստոսի 13-ից 19-ը ջոկատները մրցակցելու են սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձեռքի ուժ, լող մարզաձևերում, ինչպես նաև ազգային խաղերում: Ծրագրում ներառված են նաև <<Բրեյն ռինգ>> ու <<Բազե-բանալի>> ինտելեկտուալ խաղերը և երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներ: Հավաքի մասնակիցները նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
<<Բազե 2012>>-ի բացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կրկեսային արվեստի օրգինալ ժանրի հայ մեծանուն դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությանը, որը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում