Բռնությունները վերջ չեն ունենալու այնքան ժամանակ, քանի դուք այդ բռնություններից բավականություն եք ստանում
Նմանատիպ
Լիլիթ Սիմոնյան Լե-Կադրը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Այ լրատվական բազմագույն կայքեր, այնպես եք գրում <<Ծեծն ու բռնությունները շարունակում են իրենց շղթան>> կարծես պետք է ընդհատվեին ու կամ կարծես դուք որեւէ խելքը գլխին վերլուծությունով կարողանում եք հանրությանը տեսանելի դարձնել եղելությունը, ճշմարտությունը: Դուք զբաղված եք միայն ինչ որ մազոխիստական լրատվությամբ ու սրա նրա ծակ փիլիսոփայությունը տարածելով: Դուք զբաղված եք անձը, այլ ոչ խնդրի էությունը քննելով: Դուք զբաղված եք ամենանողկալի այն արարքով որ կոչվում է ընտելացնել: Որովհետեւ երբ երեւույթը քննելու փոխարեն անձերի հետ եք հաշիվներ մաքրում, մարդկանց ակամա ընտելացնում եք գետնաքարշ ծեծված իրենց գոյությունը քարշ տալու անելանելի հեռանկարին: Մինչդեռ կարող եք գոնե դրսում ապրող ազատ ապրող ու մտածող մարդկանց հետ զրուցել: Մտքի ու ոգու տարօրինակ մի խնայողությամբ էլ, երբ դրսի հայությանն եք հարց ու փորձ անում, հատկապես սավոկին եք գտնում, որպեսզի վայ-վույով խնդիրը լոլոզվի ու վերանա:
Բռնությունները այսօ՛ր չէ որ սկսել են եւ վերջ չեն ունենալու այնքան ժամանակ քանի դուք այդ բռնություններից բավականություն եք ստանում, այլ ոչ թե, առնվազն՝ ցավ: Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այդ բռնությունները ձեզ այնքան գետնով չեն զարկել, որպեսզի, առնվազն գետնից ելնելու ու թեթեւ մի ապտակ էլ դո՛ւք հասցնելու կամք չունեք: Եւ ընդհանրապես, բռնությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ մի գեղեցիկ օր էլ որպես Մաքսայի Միության արժանի անդամ Հայաստան, չարգիլվի նույնիսկ դրանց մասին ակնարկելը: Այսինքն շուտով գալու է մի օր, երբ բռնությունները ուժգնանալու են բայց մենք միայն երկրի արդյունաբերական ու արտադրական, ռազմական ու կրթական, անվտանգության ու առողջապահության <<նվաճումներին>> տեղեկանանք: Այսինքն, հենց ձեր միջնորդությամբ վերջնականապես վայելելու ենք նեոսովետական Հայաստանի բարքերը…