Իմ տեսած ազատամարտիկները Շուշին ազատագրելու ժամանակ թքած ունեին բոլոր տեսակ անարդարությունների վրա
Նմանատիպ
Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքի էջում գրում է`
Մեդալներն ու պետական պարգևները վերադարձնելու` վերջերս առավել մեծ տարածում գտած սովորույթի մասին մի քանի միտք ունեմ։ Վաղուց էի մտորում այդ հարցի շուրջ, բայց միշտ մի տեսակ չէր ստացվում արտահայտվել։ Վախենում եմ հիմա էլ չկարողանամ միտքս ճիշտ ձևակերպել, բայց, այնուամենայնիվ, կփորձեմ։
Ճիշտն ասած` սխալ եմ համարում նման վերաբերմունքը սեփական ուղով, ձեռքբերումներով, տանջանքներով, բացահայտումներով, ներդրումներով արժանացած պարգևներին։ Միգուցե և սխալ` բայց տպավորություն կա, թե հրաժարվելով մեդալից, մարդիկ հրաժարվում են նաև իրենց անցած ուղուց և որ ամենակարևորն է` ապագայում նույն պատասխանատվության տակ մտնելուց։ Որովհետև եթե մարդու գործն իր ժողովրդի և պետության համար էր, այլ ոչ թե կոնկրետ պահի իշխանությունների, ապա պարգևն էլ նույն ժողովրդի և պետության երախտիքի նշանն է տվյալ անձնավորությանը։ Հարցի նման ընկալման դեպքում էլ արդար պարգևի արժանացած մարդու համար պետք է որ մեկ այլ հարց առաջանա` էլ իշխանություններն ու՞մ շունն են, որ պետության ու ժողովրդի կողմից ստացված մեդալը վերադարձնեմ։ Անգամ եթե այդ մեդալը ստացել ես նույն այդ իշխանության ներկայացուցչի ձեռքից։
Չգիտեմ, կարող է մի քիչ սումբուր եմ ձևակերպում միտքս, բայց անկեղծ պետք է ասեմ, որ նման դեպքերը ինձ շատ են վհատեցնում։ Հատկապես, երբ ազատամարտիկներն են նման քայլի դիմում։ Գիտեմ, որ հիմա կհարցնեք, թե արդյո՞ք չեմ վհատվում իրենց այդ քայլին դրդած պատճառներից և կամ մարդկանց գործողություններից։ Բայց նման հարցին ես ուրիշ պատասխան ունեմ. իմ տեսած ազատամարտիկները Շուշին ազատագրելու ժամանակ թքած ունեին բոլոր տեսակ անարդարությունների վրա։ Նրանց գլխավոր նպատակը մեկն էր։ Ու այդ նպատակը դեռ չի փոխվել։ Այնպես որ, հարգելի արժանավորներ, մի արեք այդպես, խնդրում եմ։ Դա մի դաշտ է, որը ինձ` մեդալի արժանի որևէ բան չարած մարդուս համար, վեր է մնացած ամեն ինչից։ Կախեք ձեր պարգևները ձեր կրծքից և դաստիարակեք իրական պարգևների արժանի հաջորդ սերունդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում