Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել
Նմանատիպ
Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել: Ընդ որում՝ նրանց մի մասը ընտրապայքարից հրաժարվել է մինչև թեկնածու գրանցվելը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ինքնաբացարկ հայտնածների թվում են նաև Արարատի մարզի Մասիս և Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքների ղեկավարի երկուական թեկնածուներ:
Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին և Հովակիմ Երիցյանը:
Այսպիսով՝ Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են գրանցված ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը և Հմայակ Աբրահամյանը, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Մասիսում առաջադրված 8 թեկնածուներից երկուսը’ ինքնաառաջադրված անկուսակցականներ Ռազմիկ Մնացականյանը և Խորեն Արոյանը, մինչև գրանցումն ինքնաբացարկ են հայտնել: Մասիսում քաղաքապետի պաշտոնին հավակնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3 անդամներ’ Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ’ Տիգրան Ղամբարյանը և Նորայր Նահապետյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18-ն է: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմումները կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև օգոստոսի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում