Սերյան Օհանյանը հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

Oգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին. տեղեկացնում են ՊՆ մամլո գրասենյակից:

Ողջունելով բազեականներին, Ս. Օհանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ամեն տարի մասնակցել արդեն ավանդական դարձած հավաքին’ համարելով այն օրինաչափ, քանի որ պաշտպանության նախարարը ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Հայոց բանակը։
Սեյրան Օհանյանը կարևորեց բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով՝ ժողովուրդների պատմությունը կերտվում է ուժով և գիտելիքով, արվեստով, մշակույթով և քաղաքակրթությամբ: Այդ առումով նախարարը մասնավորապես ասաց. «Եթե ուժով հաստատագրում ես քո ներկայությունը, ստեղծում ես պայմաններ, որ հայրենիքիդ հանդեպ որևիցե ռազմական ոտնձգություն չլինի, ապա արվեստի, գիտելիքի միջոցով քաղաքակիրթ կերպով ստեղծում ես պայմաններ, որ քեզ հետ մեկընդմիշտ հաշվի նստեն: Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին խոսելիս՝ ես միշտ ասում եմ՝ Աստված մեզ մեր ուժերի չափով այնքան փորձություն տա, որ մենք մեր զգոնությունը երբևիցե չկորցնենք։ Զգոնությունը կորցրած, փորձություններով չանցած ժողովուրդները մեծ ապագա չունեն»:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց նաև բազեականների հարցերին, որոնք վերաբերում էին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանը և Արցախյան հերասամարտին։ Անդրադառնալով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ խնդիրը բացի խաղաղ կարգավորումից այլընտրանք չունի. ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հարցը մեկ անգամ արդեն լուծվել է, այժմ դիվանագիտական քայլեր են արվում այդ ամենն ամրագրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում