Արցախի հոգեւոր եւ գրչության կենտրոնում հունիսին Մատենադարան կբացվի

Արցախի հոգեւոր եւ գրչության կենտրոնում հունիսին Մատենադարան կբացվի

Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցված ճեմարանը շուտով կդառնա Արցախի ամենակարեւոր գիտական եւ մշակութային կենտրոններից մեկը: Հենց այդ վայրում այժմ ընթանում են վերակառուցման աշխատանքներ, որպեսզի ճեմարանը վերածվի Մատենադարանի: Կառույցի շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն մայիսի վերջին եւ հունիսին կկայանա «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացումը:

«Այս պահին ընթանում է ակտիվ շինարարական աշխատանք: Կառույցի արտաքին տեսքը չի փոխվելու: Այն հիմնանորոգվում եւ հարմարեցվում է Մատենադարանի պայմաններին: Նախատեսում ենք մինչեւ մայիսի վերջը շինարարական աշխատանքներն ավարտել, որպեսզի հունիսին կայանա կառույցի բացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը` շեշտելով, որ «Փյունիկ» համահայկական հիմանդրամը մեծ ներդրում է կատարել կառույցի ստեղծման համար եւ ԼՂՀ կառավարությանը տրամադրել 138 միլիոն դրամ:

Նարինե Աղաբալյանը շեշտում է, որ կառույցի վայրը պատահական չէ: Գանձասարը ոչ միայն Արցախի հոգեւոր, այլեւ գրչության եւ արվեստի կենտրոնն է համարվել: Վանական կենտրոնն ունեցել է ձեռագրատուն, ձեռագրերի հարուստ հավաքածու, որոնց մեծ մասը, ցավոք, դարերի ընթացքում ոչնչացվել է:

«Գանձասարից բացի, Արցախում շատ են եղել գրչության կենտրոններ, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր: Արցախյան մանրանկարչությունն Արցախի մշակութային ժառանգության կարեւոր բաղադրիչներից է եւ, մատենադարան ստեղծելով, փորձ է արվելու այդ ժառանգությունը պահպանել եւ հանրահռչակել: Փորձելու ենք ժամանակավոր եւ մշտական ցուցադրությունների միջոցով ներկայացնել այդ հարստությունը»,- ասաց Նարինե Աղաբալյանը` շեշտելով, որ Արցախի Մատենադարանը համագործակցելու է Մեսրոպ Մաշտոց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ եւ համարվելու նրա ստորաբաժին: «Մատենադարանում ստեղծվելու են պայմաններ գիտական աշխատանքների համար: Կառույցը ցուցադրության համար նախատեսված մաս էլ է ունենալու: Մատենադարանում մի քանի տարի է պատրաստվում են արցախյան ձեռագրերի ընդօրինակություններ, որոնք կտեղափոխվեն այստեղ մշտական ցուցադրության: Բացի այդ, կլինեն բնօրինակներ: Նախատեսվում է, որ Արցախի մատենադարանի բացման օրը կլինեն բազմաթիվ նվիրատվություններ»,- ասաց Աղաբալյանը` շեշտելով, որ Մեսրոպ Մաշտոց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը խոստացել է շուրջ հարյուր ցուցանմուշ տրամադարել:

«Վստահ եմ, որ ցուցանմուշների թիվն ավելի մեծ է լինելու եւ բացումից հետո դրանք կավելանան: Զուգահեռաբար հավաքագրման աշխատանքներ են կատարվում: Կան 13-14-րդ դարերից սկսած ձեռագրեր, տարբեր վավերագրեր»,-ասաց Աղաբալյանը:

Արցախի Մատենադարանի շինարարական աշխատանքը ղեկավարում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարութունը եւ ճարտարապետն այն նույն անձնավորությունն է, ով ժամանակին նախագծել է ճեմարանի շենքը:

Նարինե Աղաբալյանը նշում է, որ խորհրդատվության համար դիմել են Արթուր Մեսչյանին, վերջինս, լինելով Գանձասարում, շեշտել է, որ կառույցը շատ համահունչ է եւ Հայաաստանի Մատենադարանի հետ շատ ընդհանրություններ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում