ՀՀ ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆիլիպիններում
Նմանատիպ
Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն:
ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն սկսվեց Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:
Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին’ Ֆիլիպինների նախագահը կարևորեց դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, և ընդգծեց, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է և որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմեց երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:
Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Նույն օրը ավելի վաղ կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:
Քննարկվեցին ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները:
Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:
Հայաստանի և Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան իրադարձություններին:
Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:
Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում