Ռեժիմը կոչ է անում Նախախորհրդարանին միասին դիմավորել Հարյուրամյակը
Նմանատիպ
Armcomedy-ին գրում է`
Իշխանությունը կոչ է արել Նախախորհրդարանին և քաղաքական բոլոր մյուս ուժերին միասին անցկացնել Հարյուրամյակը: Հարյուրամյակից հետո ռեժիմը պատրաստ է քննարկել առանձին կյանք վարելու տարբերակները:
«Կարծում ենք ապրիլի 24-ը հարմար օր չէ մեզանից բաժանվելու համար… Ախր, դա պետք է միասնության օր լինի», – նշել է ռեժիմը, – «թող էլի ռեժիմը վերացնելու կոչեր անեն, ի սեր Աստծո, բայց թող մեկ այլ առիթ գտնեն: Օինակ` ինչու ոչ` «Սուրբ թարգմանչաց տոնը առանց ռեժիմի» կամ «Վարդավառը առանց ռեժիմի», բայց ոչ այս համազգային տարելիցը»:
Մի շարք ընդդիմադիր ուժեր անսպասելիորեն դրական են արձագանքել իշխանական նախաձեռնությանը: Մասնավորապես Ժառանգությունը հայտնել է, որ կուսակցությունը պատրաստ է նախաձեռնել «Մայիսի 9-ը առանց ռեժիմի» շարժումը, իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հայտարարել են «Կանանց միամսյակը առանց ռեժիմի» համապետական բողոքի ցույցերի շարքը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևը առաջարկել է վերջ տալ ռեժիմին մայիսի մեկին: Երիտթևի ղեկավար Պավլիկ Վաղեմունցը, 71 տարեկան, նշել է. «Հաշվի առնելով, որ ռեժիմը նախ և առաջ սպառնում է աշխատավորներին և բանվոր դասակարգին, ապա պետք է… ինչպես ասում էր Լենինը… մեր կուսակցությունը կարծում է, որ…ինչի՞ մասին էի խոսում… հա` կեցցե մայիսի մեկը»:
Սակայն նախաորհրդարանը հրաժարվում է փոխել ռեժիմին հրաժեշտ տալու օրը: «Մենք արդեն մի քանի անգամ փորձել ենք ռեժիմից ազատվել սովորական օրերին, բայց այդ դեպքում ոչ մեկ մեզ չի նկատում», – բացատրում է Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ակսել Նախախունցը, – «իսկ եթե կապում ենք առավել զգայուն, համազգային և մանավանդ ողբերգական օրվա հետ, ապա շատ ավելի մեծ հավանականություն կա, որ գոնե այս անգամ կնկատեն մեր նախաձեռնությունը»:
Քաղաագետ-հրապարակախոս Ահարոն Ադիբունցը Նախախորհրդարանին առաջարկել է «Վարդավառը առանց ռեժիմի» տարբերակը: Փորձագետ-լեզվաբանը պնդում է, որ այստեղ կարելի է խաղացնել «ջրենք ռեժիմը միասին», «մի թողեք ռեժիմը չոր դուրս գա» և այլ գրավիչ կարգախոսեր:
Անանուն աղբյոււները հայտնում են, որ եթե հանկարծ ապրիլի 24-ին ռեժիմը չհեռանա (զուտ հիպոթետիկ ենթադրություն – խմբ.), ապա Նախախորհրդարանը ծրագրում է անցկացնել «Դեկտեմբերի 7-ը առանց ռեժիմի» հուժկու միջոցառում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում