Ադրբեջանի իշխանությունը երկյուղում է ԻԼԻՊ-ից

Ադրբեջանի իշխանությունը երկյուղում է ԻԼԻՊ-ից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը խոստովանել է, որ երկյուղում են այն բանից, որ Սիրիայում եւ Իրաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի ջիհադականները հնարավոր է վերադառնան Ադրբեջան եւ հակակառավարական գործողույթյուններ հրահրեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հասանովը հայտնել է Բաքվում The Financial Times անգլիական թերթին տված հարցազրույցում:

Ա. Հասանովը խոսել է Ադրբեջանում արմատական իսլամի վտանգի մասին: Նա ասել է, որ որոշ ուժեր ցանկանում են Ադրբեջանը տեսնել «արմատական ֆունդամենտալիստների երկիր»: Խոսելով Սիրիա մեկնած ադրբեջանցի արմատականների մասին` Հասանովը հաստատել է, որ Ադրբեջանի 300-ից ավելի քաղաքացիներ ԻԼԻՊ-ի կազմում կռվելու համար մեկնել են Սիրիա, որոնց Ադրբեջան վերադարձը «կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել երկրի անվտանգությանը»:

«Գտնում եմ, որ Սիրիա մեկնած Արեւմտյան երկրների մի քանի հարյուր քաղաքացին այնտեղ մեկնած մի քանի հարյուր ադրբեջանցիներից նվազ վտանգավոր են», -նշել է նա:

Անդրադառնալով մարդու իրավունքների եւ մամուլի ազատությունը ոտնահարելու համար պաշտոնական Բաքվի հասցեին Վաշինտոնից հնչող մեղադրանքներին` Հասանովը դրա համար մեղադրել է ամերիկայն ոչ կառավարական կազմակերպություններին, որ «նրանց պատճառով են երկու երկրների կառավարությունների միջեւ տարակարծություններ ստեղծվել մարդու իրավունքի հարցում»:

«Ցավոք, որոշ ուժեր, օգտագործելով այդ հարցերը, ցանկանում են վնասել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին եւ վնաս հասցնել Ադրբեջանի հեղինակությանը: Սակայն Ադրբեջանը հավատարիմ է արեւմտյան երկրների հետ ռազմավարական համագործակցությանը», -ասել է Հասանովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում