Թուրքիայում Վիլյամ Սարոյանի անվան գրադարան կբացվի

Թուրքիայում Վիլյամ Սարոյանի անվան գրադարան կբացվի

Ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյանի անունով Բիթլիսում գրադարան կբացվի. նախագծի հեղնակը լրագրող, գրող Ահմեթ Թուգլարն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում  է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Թուգլարը նշել է, որ գրադարան բացելու միտքը հղացել է այն բանից հետո, ինչ դեկտեմբերին տեղեկացել է Բիթլիսում Սարոյանի ապրած փողոցը ամերիկահայ գրողի անունով վերանվանելու որոշման մասին: «Սարոյան կարդում եմ դեռ երիտասարդ տարիներից: Իմ շատ սիրելի գրողներից է»,- ասել է Թուգլարը` պատմելով, որ իր գաղափարի մասին հայտնել է Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյն Օլանին, ով էլ տվել է իր համաձայնությունը: «Նա Բիթլիսում գտել է Սարոյան ընտանիքին պատկանող մի տուն և ասել, որ այն վերանորոգելու է և հատկացնելու գրադարանի համար»,– պատմել է լրագրողը` նշելով, սակայն, որ տան վերականգնման համար նախ իրենց որոշակի միջոցներ են անհրաժեշտ: Նա հավելել է նաև, որ մինչև տան վերանորոգման աշխատանքները կավարտվեն, իրենց մեկ այլ տեղ կհատկացվի:

Խոսելով գրադարանում գրքերի անհրաժեշտության մասին` Թուգլարն ասել է, որ իրենց նախ անհրաժեշտ են Սարոյանի` տարբեր լեզուներով հրատարակված գրքերը, ինչպես նաև ամերիկահայ գրողի մասին գրված աշխատություններ, տեղեկություններ, լուսանկարներ և այլն: «Բիթլիսի հայերի մասին գրքերը ևս ավելի կհարստացնեն գրադարանը: Կցանկանայինք նաև, որ հատուկ բաժին նվիրվեր Հայոց ցեղասպանությանը` մի բաժին, որը կպատմեր այն մասին, թե ինչ է պատահել Բիթլիսի և այլ շրջանների մարդկանց»,- նշել է Թուգլարը` հայտնելով վերակառուցվող տանը Սարոյանին նվիրված թանգարան ո ւնենալու գաղափարի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում