«Առավոտ». Առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, ազատենք ցուցակները «մեռյալ հոգիներից». խմբագրական
Նմանատիպ
«Այս տարվա մայիսի 3-ին’ խորհրդարանական ընտրություններից առաջ, ես հայտնաբերել էի, որ իմ սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Վրեժի Գևորգյանը, որին համապատասխան ծանուցումով հրավիրում էին ընտրական տեղամաս: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը իմ նախորդի նախորդ սեփականատիրոջ կողմից էր գրանցված, և ես կարող եմ նրան այդ գրանցումից հանել’ այդպիսով . հնարավորություն չտալով իշխանություններին’ օգտագործել այդ քաղաքացու տվյալները և հօգուտ իրենց ձայն գրելու: Գրանցումից հանելը տևեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր’ այդ բովանդակությամբ իմ կողմից դիմում գրելու համար: Ինձ վստահեցրեցին, որ Մարին չի լինելու ընտրացուցակներում ոչ միայն առաջիկա նախագահական, այլև մոտակա ՏԻՄ ընտրություններում:
Խոստովանեմ’ եթե հիմա կիսաաձակուրդային շրջան չլիներ, ես գուցեև կուզենայի հասնել ոստիկանության անձնագրային բաժին և անել այդ պարզ գործողությունը: Բայց այդ դեպքում ես իրավունք չէի ունենա բողոքելու այս’ հնարավոր ընտրակեղծիքից: Իսկ արդյո՞ք մենք հաճախ հենց այդպիսի կեցվածք չենք ընդունում, չկատարելով մեր վրա դրված փոքր գործերը, մենք հաճախ ուրիշներից’ նախևառաջ, իհարկե, իշխանություններից պահանջում ենք մեծ գործեր, որպեսզի խնդիրները լուծվեն միանգամից’ «փաթեթով»: Պատկերավոր ասած, մեր վառած մոմի փոխարեն, ցանկանում ենք, որ ինչ-որ հրաշքով 100 հատ արևներ փայլատակեն: Բայց իշխանավորներին [ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում) նման «փաթեթային» լուծումներ պետք չեն’ նրանք առանց այդ էլ լավ են ապրում: Պարզապես որոշ տեղերում նրանք ստիպված են, պարտադրված են գնալ այդ լուծումների’ մեր, քաղաքացիներիս, «փուլային» քայլերի ազդեցության տակ: Հակառակ դեպքում ոչ միայն լավ չեն ապրի, այլև ընդհանրապես գոլություն չեն ունենա:
Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաև ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր’ սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով: Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց’ որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից’ համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը [անունը, բնականաբար, պայմանական է] և առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենք ցուցակները «մեռյալ հոգիներից» և պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: Որ նրանք ավելի քիչ են պաշտոնական թվից, ակնհայտ է, բայց որքա՞ն»: