Ալիեւը պետք է ազատի քաղբանտարկյալներին կամ սպասի պատժամիջոցների. լսումներ ԱՄՆ կոնգրեսում

Ալիեւը պետք է ազատի քաղբանտարկյալներին կամ սպասի պատժամիջոցների. լսումներ ԱՄՆ կոնգրեսում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փետրվարի 12-ին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության աղետալի վիճակի հետ կապված լսումներ են անցկացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնական Բաքուն դարձյալ քննադատության է ենթարկվել մամուլի եւ քաղաքացիական հասարակության ազատությունը ճնշելու համար:

Ուշագրավ է, որ չնայած հրավերին, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը եւ այլ պաշտոնական անձինք չեն ներկայացել լսումներին` այն դեպքում, երբ դեսպանատան աշխատակիցները եւ իշխանամետ ԶԼՄ-ները ներկա են եղել եւ գրանցել են լսումները:

Մասաչուսեթսից կոնգրեսական Վիլյամ Քիտինգը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբից պահանջել է «հստակ նշել Բաքվում լրագրողների ձերբակալությունների եւ հակաամերիկյան արշավներրի անթույլատրելիությունը եւ Ալիեւի կառավարության հետ իր շփումներում անհանգստություն հայտնել այդ կապացությամբ»:

Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնի մասնագետ, Քեննանի ինստիտուտի փորձագետ Օդրի Օլշթադտը հայտարարել է, որ «այսօր Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ», «այդ երկրի կառավարությունը սիստեմատիկորեն հեռանում է ժողովրդավարական նորմերից», եւ որ «ԱՄՆ-ը չպետք ների մարդու իրավունքների խախտումները եւ ավելի ուժեղ պաշտպանի դեմոկրատական շարժումներն Ադրբեջանում»:

Նշելով, որ Ադրբեջանում բռնատիրությունը սկսել է ավելի մեծ թափ առնել 2003 թվականին Ալիեւի նախագահ դառնալուց հետո, Օլշթադտն ասել է, որ ներկայում այդ երկրում մոտ 100 քաղբանտարկյալ կան, այդ թվում` իրավապաշտպաններ, լրագրողներ եւ իրավաբաններ, ինչը չափազանց վտանգավոր է: Նա հիշեցրել է, որ այդ բռնաճնշումներն ավելի են աճել 2013 թվականին Ալիեւի նախագահության երրորդ ժամկետից հետո:

Օլշտադտը շեշտել է նաեւ, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները գրոհ են սկսել ԱՄՆ-ի վրա` մեղադրելով այն բանում, որ, իբր, «Վաշինգտոնը ձգտում է ապակայունացնել Ալիեւի կառավարությունը եւ իրավիճակն Ադրբեջանում»:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտարարել է, որ Ալիեւի քաղաքական խորհրդականների գործողությունները ավերել են ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լավացման ուղղությամբ երկու տասնյակ տարվա ջանքերը:

Նշելով, որ աշխարհաքաղաքական եւ գլոբալ էներգետիկ իրավիճակը փոխվել է, Կոզլարիչն ասել է, որ Ադրբեջանի, ինչպես նաեւ Կասպյան տարածաշրջանի դերն ու նշանակությունն ԱՄՆ-ի համար արդեն այնքան էլ կարեւոր չէ` ԱՄՆ-ի էներգաանվտանգության տեսանկյունից:

«Ներկայում իրավիճակն Ադրբեջանում ամենավատն է անցյալ բոլոր ժամանակների հետ համեմատած: Եթե առաջընթաց չլինի եւ ազատ չարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերանայի այդ բոլոր ձերբակալությունների համար պատասխանատու պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում երեկ «Ադրբեջան. ԱՄՆ-ի շահերը էներգետիկայի, անվտանգության եւ մարդու իրավունքների ոլորտում» թեմայով անցկացված լսումներում ելույթ է ունեցել նաեւ Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ի պատասխան ԱՄՆ կոնգրեսում կազմակերպված այդ լսումներին, ադբեջանա-ամերիկյան հարաբերությունների գծով վաղը լսումներ է կազմակերպել նաեւ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը, որին պետք է մասնակցեն 35 պատգամավոր, ՀԿ-ների ղեկավարներ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում