«Հրապարակ». Սիրադեղյանի նամակն իրական է’ որքան էլ դա ոմանց դուր չգա. խմբագրական
Նմանատիպ
«Հրապարակն» իր այսօրվա խմբագրականում գրել է. «Թվում էր’ Վանո Սիրադեղյանի նամակը պետք է ուրախացներ նրա նորահայտ երկրպագուներին: Միայն այն փաստը, որ նրա մահվան մասին լուրերը հերքվեցին, արդեն բավական է, սակայն Վանո Սիրադեղյանի անձով ու ճակատագրով, իբր, մտահոգ անձինք հիմա էլ նամակի փաստից են վրդովված: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են’ ինչո՞ւ է գրել հենց «Հրապարակի» խմբագրին: Ասում են’ կեղծ, սարքովի նամակ է: Ասում են’ այնպես, ինչպես հորինել էիք մահվան մասին լուրը, այնպես էլ սարքել եք այդ նամակը: Ասում են’ դա Վանո Սիրադեղյանի ոճը չէ: էլ ի՞նչ: Մեր լրագրության գերպրոֆեսիոնալները, որոնք լրագրությամբ զբաղվելը փոխարինել են լրագրության դասեր տալով, ասում են’ կյանքի և մահվան եզրույթները սրբապատկերի նման բան են’ դրանց մոտենալ չի կարելի, և երբ գրեցիք, որ Սիրադեղյանի ընկերներից մեկն ասում է, որ նա չկա, խախտել եք էթիկայի ու չգիտեմ էլ ինչ կանոններ: Անկեղծ ասած’ հոգնել եմ այս սովետաստրկատիրական խոսակցություններից: Եվ արդեն պատասխանելու ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ ասել, որ նամակն իրական է’ որքան էլ դա ոմանց դուր չգա: Գրված է Սիրադեղյանի ձեռքով դա կհաստատեն նրա ձեռագիրը ճանաչողները, ինչպես երեկ արեց նրա թիկնապահը: Նրա ոճն է’ պարզապես մի քիչ տխուր ու հիասթափված մարդու խոսք է: Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ էթիկայի կանոններին (մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, շարունակ էթիկայի կանոններից խոսելն աբսուրդ է), ապա միակ մարդը, ով կարող էր մեղադրել «Հրապարակին», և մենք լռելյայն կլսեինք այդ հանդիմանությունները, Վանո Սիրադեղյանն է, ով, նամակից դատելով, ոչ միայն չի մեղադրում մեզ, այլև, որպես առողջ մարդ, խաղաղ է վերաբերվում այդ խոսակցություններին ու անգամ ինքն է խոսում այդ թեմաներով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում