Դողու Փերինչեքն անվանափոխել է իր գլխավորած կուսակցությունը

Դողու Փերինչեքն անվանափոխել է իր գլխավորած կուսակցությունը

Թուրք ազգայնական Դողու Փերինչեքը իր գլխավորած Աշխատանքային կուսակցության համագումարի նիստի ժամանակ հայտարարել է կուսակցությունն անվանափոխելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Կուսակցության անդամների ձայների մեծամասնությամբ այն վերանվանվել է «Հայրենիք» կուսակցության, փոխվել է նաև տարբերանշանը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վոկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ Թուրքիան:

ՄԻԵԴ-ում դատական լսումներն ընթացան հունվարի 28-ին: Լսումներից հետո դատարանը պետք է որոշում կայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում