Ադրբեջանի նավթային հիմնադրամը չի վստահում ազգային արժույթին

Ադրբեջանի նավթային հիմնադրամը չի վստահում ազգային արժույթին

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ներդրումային պորտֆելում ազգային արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1 տոկոս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ Ադրբեջանի պետբյուջեի գլխավոր դոնոր այդ հիմնադրամը չի վստահում ազգային արժույթին եւ գերադասում է իր ֆինանսական միջոցները պահել արտարժույթով:

Նշվում է, որ հիմնադրամի միջոցների 54,1 տոկոսը պահվում է ԱՄՆ դոլարով, 33,9 տոկոսը` եվրոյով, 4,8 տոկոսը` ֆունտ ստեռլինգով, 0,5 տոկոսը` ավստրալական դոլարով, 1,2 տոկոսը` թուրքական լիրայով, 1,2 տոկոսը` ռուսաստանյան ռուբլով, 1,2 տոկոսը` հարավկորեական վոնով, 3,1 տոկոսը` ոսկով:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի միջոցների 51,75 տոկոսը տեղակայված է Եվրոպայի երկրներում, 24,04 տոկոսը` Հյուսիսային Ամերիկայում, 13,54 տոկոսը` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, մնացածը` այլ տարածաշրջաններում:

Որպես նավթի` այդ թվում ադրբեջանական, համաշխարհային գների խիստ անկման արդյունք, ադրբեջանական ազգային արժույթի կուրսը որոշելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը փետրվարի 16-ից անցնում է մանաթի կուրսի որոշման ժամանակ երկարտարժույթի` դոլարի եւ եվրոյի զամբյուղի օգտագործմանը:

Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի կուրսը պահպանելու համար միայն 2015 թվականի հունվարին այդ երկրի Կենտրոնական բանկը մոտ 1,2 մլրդ դոլար է ծախսել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում