Օլանդը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ անդրադառնալով վերջին շրջանում Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Արամ Ա-ի ցավակցական նամակին: Այս մասին հաղորդում է Արամ Ա կաթողիկոսի Facebook-ի էջը:
Ֆրանսուա Օլանդի նամակում ասվում է.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիո
Անթիլիաս-Լիբանան
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետեւանքով:
Այդ ատելի արարքի միջոցով հարձակման էր ենթարկվում պետության հեղինակությունն ու ժողովրդավարությունը: Արդարեւ, ժողովրդավարությունը խոսքի, մտածելու ու ստեղծագործելու ազատությունն է, բայց ժողովրդավարություն միաժամանակ նշանակում է բազմազանություն եւ զանազանություն:
Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, եւ ես պիտի շարունակեմ Ֆրանսիայի անունով մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում:
Եվս մեկ անգամ շնորհակալությունս հայտնելով Ձեր զորակցության համար՝ Ձերդ Սրբությանը խնդրում եմ ընդունել հարգանքս»: