«Հրապարակ». Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը որքանով է հավաստի
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է. «Ուշ երեկոյան տեղեկացանք, որ ինքնասպան է եղել Փայլակ Հայրապետյանի եղբայրը՝ Միշա Հայրապետյանը, ում թոռնուհին վերջերս ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տղայի հետ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք Հայրապետյանների ընտանիքի ֆինանսական խնդիրներին: Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում «Հայաստան» հանրախանութը՝ Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, եւ գործընկերոջ՝ Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը:
Այս ընտանիքը հայտնի է դեռեւս սովետական տարիներից. նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում՝ գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սեւանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց եւ տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին՝ Հայրապետ Հայրապետյանը, ժամանակին հարում էր ԲՀԿ-ին եւ անգամ փորձ արեց Արաբկիրից պատգամավոր ընտրվել, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին եւ խզեց կապերը ԲՀԿ-ի հետ:
Դժվար է ասել, թե որքանով է ստույգ Միշա Հայրապետյանի ինքնասպանության վարկածը, քանզի Հայրապետյանները թշնամիների պակաս հաստատ չունեն»,- գրում է «Հրապարակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում