Նուլանդը Բաքվում խոսել է «ժողովրդավարությունը սպանող» կոռուպցիայի ու գունավոր հեղափոխությունների մասին

Նուլանդը Բաքվում խոսել է «ժողովրդավարությունը սպանող» կոռուպցիայի ու գունավոր հեղափոխությունների մասին

ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին անհրաժեշտ է հստակ կառուցվածք ունեցող արդյունավետ երկխոսություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը, այս մասին Բաքվում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: «Ուրախ եմ, որ Նախագահ Իլհամ Ալիեւը տվել է իր համաձայնությունը նման ձեւաչափի երկխոսություն իրագործելու համար»,- նշել է նա` հավելելով. «Մենք պայմանավորվել ենք, որ շարունակելու ենք երկխոսությունը եւ ամրապնդելու ենք այն քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարականացման հարցերով ամերիկա-ադրբեջանական երկխոսության հատուկ ձեւաչափ ստեղծելու մի ջոցով: Դա կդառնա ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի կառուցվածք, որը զուգահեռ կաշխատի Ադրբեջանի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ նման նախաձեռնության հետ»:

Նուլանդն ընդգծել է. «Աշխարհի ուժեղ պետություններն այնտեղ են, որտեղ առկա է պետության եւ քաղաքացիների միջեւ բաց երկխոսություն»:

Ամերիկացի պաշտոնյան խոսել է նաեւ երկրներում գունավոր հեղափոխությունների հնարավորության մասին: «Գունավոր հեղափոխությունների կարիք չկա, երբ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ երկրի բոլոր բնակիչները գտնվում են միմյանց միջեւ կենդանի երկխոսության մեջ: Դրանք տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դիտվում է լարվածություն եւ մեկուսացում», -ասել է նա:

Վիկտորիա Նուլանդը նաեւ հավելել է, որ Ալիեւի հետ պայմանավորվել են ինտենսիվ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունը, որը նա անվանել է «Ժողովրդավարությունը սպանող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում