Կանադան մոտ 100 միլիոն դոլար կծախսի Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար

Կանադան մոտ 100 միլիոն դոլար կծախսի Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար

Իրաքում «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողությունների համար Կանադան կծախսի 122 միլիոն կանադական դոլար, որը համարժեք է 98 միլիոն ամերիկյան դոլարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին: Նա այս շաբաթվա ընթացքում խորհրդարանին զեկույց կներկայացնի ռազմական գործողությունների համար ծախսվող գումարի մասին:

«Ծախսերը կավելանան, եթե կառավարությունը կողմ քվեարկի ռազմական գործողությունները երկրարաձգելու համար»,- նշել է նախարարը:

Նա հաստատել է, որ ցամաքային պատերազմում մասնակցելու մասին խոսքի չի գնում:

Կանադական օդանավերն առաջին անգամ թռիչքներ են իրականացրել ԻՊ-ի դեմ 2014թ.-ի նոյեմբերի 2-ին:

ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Իրաքում ռազմական գործողություններ է սկսել օգոստոսի 8-ից: Այնուհետև նրան են միացել միջազգային դաշինքի երկրները, որոնց թիվը գերազանցում է 60-ը: Ավելի քան 5 ամիսների ընթացքում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ-ն զգալի կորուստներ է կրել, սակայն կազմակերպությանը վերացնել այդպես էլ չի հաջողվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում