Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել՝ Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ
Նմանատիպ
Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո ծառայությունից, եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.
«Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգևոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում և մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում:
Եթովպիայի Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն և բարեպաշտությանը:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում