Ո՞վքեր են խանգարում Հայաստանում ադամանդագործության ոլորտի զարգացմանը
Նմանատիպ
Գործարար Միշա Քալանթարյանի ինքնասպանությունը, կարծես, դարձավ ամռան ամիսներին հատուկ քաղաքական պասիվ շրջանի ավարտի ազդարարը: Հայկական լրատվամիջոցները հեղեղվեցին Քալանթարյանի գործնական խնդիրների, ընկեր-բարեկամական կապերի, նրա ինքնասպանության պատճառների ու հետևանքների մասին տեղեկատվական նյութերով և ամենատարբեր վերկուծություններով: Եվ, բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ի և «Հայաստան» հանրախանութի շուրջ ծագած խնդիրները:
Իհարկե, այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որքանով էր կապված Միշա Քալանթարյանի մահը նրա գործնական խնդիրների ու դժվարությունների հետ: Հուսանք, այս հարցի պատասխանը կպարզի Ոստիկանության կողմից հարուցված քրեական գործի հետաքննությունը: Մինչ այդ, սակայն, ցանկանում ենք մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրել Հայրապետյան եղբայրների արդեն հիշատակված ֆինանսական խնդիրների նախապատմությանը, ինչը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում Հայաստանում ադամանդագործության ոլորտի որոշ մանրամասների մասին:
Վերջերս «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցում Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ 2009 թվականի նոյեմբերին էկոնոմիկայի նախարարության շենքում’ նախարար Երիցյանի մոտ, կազմակերպվել է 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցել են նաև Հայրապետյանները: Հանդիպման նպատակը Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկն է եղել, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով: Հանդիպման նպատակն էր 100 միլիոնի վարկը բաժանել այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել: Խորհրդակցության ժամանակ, սակայն, Հայրապետյանի ներկայացմամբ, ոմն Աշոտ Սուքիասյան՝ «Ձորագյուղ» ԱԿ նախագահ, ներկա գործարարներին հավաստիացնում է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից 20-30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի: Ներկաներն էլ, ոգևորվելով ավելի մատչելի առաջարկով, համաձայնում են, որ Աշոտ Սուքիասյանը բերի անհրաժեշտ հումքը եւ աշխատեցնի այդ 23 ֆաբրիկաները:
Նախնական համաձայնությունից հետո Սուքիասյանը ծրարով բերում է իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումք: Գործարարները հավանություն են տալիս, բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում է պահանջում՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: «Դրա համար անհրաժեշտ էր, որ այդ 23 կազմակերպությունները գումար հավաքեին, բայց ես, լինելով բոլորից ավելի տարիքով, առաջարկեցի գրավադնել իմ ունեցվածքը, Սուքիասյանին տրամադրել անհրաժեշտ գումարը, որ աշխատանքները սկսվեն, ու արդեն փակեն վարկը և հետ տան իմ ունեցվածքը: Բոլորը համաձայնեցին»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը: Սակայն այդքան հաջող սկսված գործն, նույնքան հաջող ավարտ չունեցավ: Աշոտ Սուքիասյանը’ Կառավարության միջնորդությամբ և Հայրապետյանների գույքի գրավադրմամբ «Ամերիաբանկից» 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում, սակայն գործը սկսելու ուղղությամբ ոչինչ չի անում: Արդյունքում’ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է ռուսական վարկից, հետևաբար նաև մի քանի հազար աշխատատեղեր և պետական եկամուտներն ավելացնելու հիանալի հնարավորությունից, իսկ Հայրապետյանների ընտանիքը’ «Հայաստան» հանրախանութից և իրենց բիզնեսը զարգացնելու հետագա ծրագրերից:
Ի դեպ, ադամանդագործության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև չկայացած այդ համագործակցությունն նախադեպ ուներ: 2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է արտոնյալ գնով Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։ Նույն 2007 թվականին Հայաստանում ադամանդագործությունն սպասվածից ավելի մեծ աճ գրանցեց: Բացվեցին հազարավոր նոր աշխատատեղեր: Սակայն արդեն 2008 թվականին «Ալռոսան» դադարեցրեց ալմաստի հումքի մատակարարումը: Պաշտոնապես ռուսական ընկերության այդ քայլը բացատրվեց Ռուսաստանի մաքսային հարկերի ոլորտում առաջացած խնդիրներով: Սակայն, ըստ Times.am գործակալության տեղեկությունների, «Ալռոսայի» այդ որոշման հիմքում ընկած էր հայ գործընկերների անբարեխիղճ գործունեությունը, որի արդյունքում մատակարարը ալմաստի միջազգային շուկաներում կորուստներ էր կրում (այս հարցին Times.am գործակալությունը դեռևս կանդրադառնա – խմբ.): Արդյունքում Հայաստանի ադամանդագործության ոլորտը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ: 2008 թվականին 2007-ի համեմատ գրանցվեց 14% անկում: Հաջորդ’ 2009 թվականին, 2008-ի համեմատ անկումը կազմել էր արդեն 16.1%: 2009 թվականի կեսերից սկսած «Ալռոսան» վերականգնել է ալմաստի հումքի մատակարարումը Հայաստան, սակայն նախկին արտոնյալ պայմանների մասին այլևս խոսք չէր կարող լինել: Շուկայական մրցակցության այդ պայմաններում, իհարկե, անհնար էր նաև վերականգնել բազմահազար մարդկանց զբաղվածության վերականգնումն ադամանդագործության ոլորտում: Պետությանն հասցված վնասների մասին խոսելն անգամ ավելնորդ է:
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, թե ո՞վ և ինչո՞ւ է խանգարում մեր երկրում ադամանդագործության ոլորտի զարգացմանը: Այս հարցի պատասխանը պարզելու ակնկալիքով Times.am գործակալությունը սկսում է լրագրողական հետաքննություն, որի ընթացքում ստացված ամբողջ տեղեկատվությունը կներկայացվի մեր ընթերցողի և պատկան մարմինների ուշադրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում