Ադրբեջանի ռազմական դատախազը «բացատրական աշխատանքների համար» մեկնել է շփման գիծ

Ադրբեջանի ռազմական դատախազը «բացատրական աշխատանքների համար» մեկնել է շփման գիծ

Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը եւ պաշտպանության նախարարի անձնակազմի գծով տեղակալ Քերիմ Վելիեւը այսօր եղել են ադրբեջանական բանակի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնում են, որ նրանք հանդիպել են առաջնագծում տեղակայված զորամասերի տարբեր կոչումներով եւ աստիճանի զինծառայողների եւ անձնակազմի հետ:

Ադրբեջանի ռազմական դատախազն ընդգծել է զինվորական կոլեկտիվներում «բարեկամական մթնոլորտի եւ եղբայրության» ձեւավորման, կանոնադրության շրջանակում «առողջ փոխհարաբերությունների» հաստատման կարեւորությունը:

Հանդիպումների ընթացքում զրույցներ են անցկացվել «հայրենասիրության ոգով աձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, բանակաշինության վրա բացասաբար ազդող հանցագործությունների վերլուծության եւ համապատասխան միջոցներ ձեռարկելու» մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ 2014 թվականին կառույցի կատարած աշխատանքների արդյունքներին նվիրված հունվարի վերջին կոլեգիայի ընդլայնված նիստում տարեկան զեկույցի ժամանակ Ադրբեջանի ռազմական դատախազը խուսափել է նշել հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական բանակի կրած մեծ կորուստները: Ըստ Ադրբեջանի Ռազմական դատախազության մամուլի ծառայության, նա միայն նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերում, 2013 թվականի համեմատ, 2014 թվականին «ոչ ռազմական հանցագործությունները» 1,7 տոկոսով աճել են:

Ըստ Խ.Վելիեւի` 2014 թվականին հանցագործությունների աճը է գրանցվել զինծառայության դեմ, ենթարկվելու կանոնների խախտման, դասալքության, ավտոտրանսպորտի շահագործման եւ կառավարման կանոնների խախտման, միտումնավոր վնաս հասցնելու, միտումնավոր սպանությունների եւ խուլիգանության հատկանիշներով հանցագործությունների մասով:

Նրա խոսքով` հիշյալ հանցագործություններից յուրաքանչյուր փաստով Ռազմական դատախազությունը քրեական գործեր է հարուցել` չնշելով, թե դրանց որ մասն է բացահայտվել:

Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Խազար» (Caspian Defense Studies Institute) ինստիտուտը հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի պետբյուջեից հատկացված հսկայական միջոցներին` Ադրբեջանի զինված ուժերում զինվորների մահացության մակարդակը շարունակում է մնալ բարձր: Ինստիտուտի աշխատակից, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքում հրապարակած տեղեկագրում հայտնել է, որ 2014 թվականի ընթացքում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 91 զինծառայող, որոնցից 58-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավ որվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցրել էր անցյալ տարվա օգոստոսին եւ դրանից հետո սեփական բանակի սադրիչ դիվերսիոն գործողությունների ժամանակ հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի բազմաթիվ զինվորներ ոչնչացվելու փաստերը, սոցցանցերի ադրբեջանցիների էջերում տարածվել են նրանց լուսանկարներն ու անունները:

Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմն այդ երկրի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ՀՀ ՊՆ տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 28 զոհ եւ 27 վիրավոր

Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի Նախագահի աշխատկազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը բանակում առկա թերությունները քննադատելու համար դատապարտել էր մի շարք փորձագետների եւ ԶԼՄ-ների: Նա զգուշացրել է, որ նման հրապարակումները «ռազմական գաղտնիք» են ներկայացնում եւ մեղավորները խստորեն կպատժվեն, որից հետո սկսվել էր մամուլի ներկայացուցիչների վրա հերթական ճնշումներն ու հետապնդումները:

Բացի այդ, անցյալ տարի օգոստոսյան հայտնի դեպքերից հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւն իր` 2014 թվականի սեպտեմբերի 24-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ը եւ ՀՀ ՊՆ-ը իրենց տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզել են, որ նախահարձակ հակառակորդը` հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 30 զոհ եւ 27-ից ավելի վիրավոր, որից Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես խոստովանել է միայն 7 զոհ եւ նույնքան վիրավոր ունենալը` մնացածը թաքցնելով սեփական հանրությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում