«Հայկական ժամանակ». Անասնակերի դեֆիցիտը կարող է հանգեցնել անասունների մորթի

Լեռնային շրջաններից ստացվող ահազանգների համաձայն, առանձին տարածաշրջաններում անասնակերի դեֆիցիտ է առաջացել, ինչի հետևանքով անասունների զանգվածային մորթ սկսելու մտադրություն է նկատվում: Մասնավորապես, Արագածոտնի մարզից ստացված տվյալները վկայում են, որ գյուղացիները պատրաստվում են իրենց անասունները մորթել, քանի որ չեն կարողանալու ձմռանը կերա կրել: Մորթը հետաձգելու միակ պատճառն այն է, որ արոտատեղում անասունների համար ինչ-որ չափով դեռ կեր կա: Իսկ երբ գյուղացիները տեսնեն, որ անասունն արոտից սոված է վերադառնում, ստիպված են լինելու գլխաքանակի առնվազն մի մասը մորթել: Տավարի միսն արդեն իսկ 300-400 դրամով էժանացել է: Ներկայումս գյուղացիները տավարի միսը խանութներին են հանձնում կիլոգրամը 1200-1400 դրամով’ նախկին 1500-1800 դրամի փոխարեն: Եթե իրավիճակը չշտկվի, ապա աշնանը տավարի մսի գինը կարող է շեշտակի իջնել, իսկ ահա գալիք տարի գինը կտրուկ կբարձրանա’ անասունի գլխաքանակի պակասության պատճառով:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ մարզերում անասնակերի պակասի խնդիր է ստեղծվել: «Անասնակերի հետ կապված խնդիր’ եղանակով պայմանավորված, իսկապես կա: Նման վախ այսօր կա, բայց մասսայական մորթ սկսելու մասին տվյալներ չկան»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ մարզպետներին հանձնարարվել է, որպեսզի համապատասխան համայնքներում՛ գյուղապետերի միջոցով մարդկանց զգուշացնեն, որ հացահատիկի դաշտերը չայրեն և հացահատիկի ծղոտները հավաքեն: «Անտառտնտեսությանն էլ ցուցում ենք տվել, որպեսզի բոլոր այն վայրերում, որտեղ հնձելու խոտ կա, հավաքեն: Եթե նախկինում անասնակերի հետ կապված խնդիր չեն ունեցել և առանձին վայրերի խոտը չեն հնձել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, ապա այս տարի ստիպված կլինեն հնձել: Այս ամենը անասնակերի պակասը որոշակի կմեղմացնի»,- ասել է Սամվել Գալստյանը: Ավելին, նա նաև ասել է, որ Հայանտառին հանձնարարվել է, որպեսզի տեղերում գյուղացիներին թույլատրեն առանց վարձի անտառի խոտը հնձեն և կուտակեն:
Այսինքն, ՀՀ կառավարությունը տեղյակ է, որ լեռնային շրջանների գյուղացիների գլխին վտանգ է կախված, մարզպետներին նույնիսկ հրահանգներ են տրվել, բայց, չգիտես ինչու, մինչ այս պահը դրա մասին լռել են: Ինչու կառավարությանը կամ, ասենք, հենց գյուղատնտեսության նախարարությունը հայտարարությամբ հանդես չի եկել, որպեսզի գյուղացիները տեղեկանան, որ իրավունք ունեն գնալու անտառ և խոտն առանց վճարի հնձելու ու իրենց տուն տանելու: Ստեղծված պայմաններում նման հրահանգ իջեցնելը ճիշտ քայլ է, բայց եթե գյուղացիներին դրա մասին չեն իրազեկում, բնական է, որ ինչպես միշտ’ դրանից կօգտվեն միայն «ընտրյալները», իսկ գյուղացիները կրկին կմնան իրենց բազում խնդիրների տակ կքած և առանց որևէ օգնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում