Թուրքիայի մեջլիսի նախագահը չի թաքցրել վախը ԱՄՆ-ի հայկական համայնքի ազդեցիկ լոբբինգի նկատմամբ

Թուրքիայի մեջլիսի նախագահը չի թաքցրել վախը ԱՄՆ-ի հայկական համայնքի ազդեցիկ լոբբինգի նկատմամբ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը վախեցած է հայկական սփյուռքի ազդեցիկ աշխատանքով Միացյալ Նահանգներում: Նա օգտագործել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մայքլ Թուրների հետ հանդիպման առիթն ու կրկին հայտարարել է Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների խորհրդարանների քննարկումներից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Չիչեքը Թուրներին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ նուրբ սպառնալիք է դրել իր խոսքում` հավատացնելով, իբր, որ «հայկական սփյուռքը մի արշավ է սկսել, որը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին»: Մեջլիսի խոսնակն ասել է, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել իր անցյալում տեղի ունեցած դեպքերի հետ` չմոռանալով հավելել, որ «պատմության ընթացքում գրանցված ցավոտ դեպքերն ուսումնասիրելը պատմաբանների և գիտնականների գործն է, իսկ խորհրդարանականներն այստեղ անելիք չունեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում