«Հրապարակ». Աշտարակում ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու
Նմանատիպ
Աշտարակում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում: Քաղաքում խոսում են աթոռին հավակնող 15-16 թեկնածուի մասին: Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է’ Տերտերյան Հայրենուհի անունով, պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է Տարոն Մարգարյանի վարորդի որդու հետ, և գտնում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի ու կարող է քաղաքապետ դառնալ: Ի դեպ, նրան հարազատ քաղաքում «Վայրենուհի» անունով են հիշատակում, քանի որ համարձակվել է իրեն աշխատանքից ազատած տնօրենի դեմ պայքարել և դատարանում էլ հաղթել: Աշտարակի գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլևս չի առաջադրվելու: Ասում են’ պատճառը տարիքն է: Ուշագրավ է հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը: Ապարանցիներից պատգամավորական փոքրիկ «ֆրակցիա» ստեղծելուց հետո հիմա էլ նա փորձում է համայնքապետերի թիմ ձևավորել և համայնքի ղեկավար նշանակել ոչ միայն Ապարանում, այլև Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում: Աշտարակում նրա թեկնածուն «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է’ Կարեն Գևորգյանը (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ և հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին
Հետևեք մեզ նաև Telegram-ում