«Առավոտ». Կուսակցությունից աղանդ դառնալու վտանգը. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. «Երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տվեց երկու շատ տրամաբանական պատասխան, եթե Սմբատ Այվազյանը ցանկանում է զբաղվել զուտ հասարակական գործունեությամբ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եթե իր’ Արամ Սարգսյանի երբայրը’ Արմենը, համակրում է Սերժ Սարգսյանին, ապա դա էլ է նորմալ, պարտադիր չէ, որ ամբողջ հայությունը բոլոր հարցերի շուրջ միևնույն տեսակետն ունենա: Որևէ այլ կուսակցության պաշտոնական արձագանքը կլիներ’ մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք պատահական մարդկանցից, որոնք չեն կարողացել դիմանալ գայթակղություններին և այլն: Նրանք, ովքեր անցել են ԽՄԿԿ պատմությունը, շատ լավ գիտեն, որ հենց ադպես են մոտավորապես 20-րդ դարի սկզբից ռադիկալ սոցիալ-դեմոկրատները, իսկ այնուհետև’ բոլշևիկները համագումարից համագումար «ինքնամաքրվել» և «հուժկու հակահարվածներ» տվել այս կամ այն «շեղմանը»: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Որովհետև բոլշևիկների ուսմունքն, ըստ իրենց, ամենազոր էր, քանի որ ճիշտ էր: Իրականում, սակայն, այդպիսի ուսմունքներ գոյություն չունեն, չեն կարող լինել:
Նրանք, ովքեր ներգրավված են հայաստանյան այսօրվա քաղաքական կյանքում, մեծ մասամբ 45-ն անց մարդիկ են, և եթե նույնիսկ իրենց ժողովրդավար և ազատական են համարում, ջանասիրության այս կամ այն աստիճանով ուսումնասիրել են ՍՄԿԿ պատնությունը ու կամա թե ակամա, իրենց ուղեղներում պահպանում են «միակ ճիշտ ուսմունքի» և պարբերական «ինքնամաքրումների» կարծրատիպերը’ դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին: Բայց ինձ թվում է, որ քաղաքական, կուսակցական մեզ հայտնի մոդելները, որոնք ձևավորվել են 20-րդ դարում, այսօր հնացել են: Եվ, ի դեպ, դրա մասին խոսում են նաև իրենք’ կուսակցականները: Վերջերս, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն առաջարկել է փոխել Կոնգրեսի կառավարման ձևը’ իրավամբ անվանելով ՀԱԿ-ը «կուսակցություն»:
Պարզ է, որ կուսակցությունների զարգացման ընղհանուր ուղղությունը պետք է լինի դոգմաներից հրաժարվելը և ձևակերպումների հետևից չընկնելը: Օրինակ, հազարավոր քաղաքացիներ [այդ թվում նաև ես] գտնում են, որ Տիգրան Առաքելյանը չպիտի դատապարտվի 6 տարվա ազատազրկման, որ այդ պատիժը անտրամաբանական է, անհեթեթ: Պետք չէ պահանջել, որ բոլոր այդ քադաքացիները պարտադիր լինեն ՀԱԿ-ի կամ ընդհանրապես ընդդիմության համակիրներ: Պետք չէ պարտադրել, որ այդ քաղաքացիներն իրենց դժգոհությունն անպայման արտահայտեն այն ձևակերպումներով և կարգախոսներով, որոնք ընդունված են ՀԱԿ-ական շրջանակներում: Վերջապես, պետք չէ պնդել, որ բողոքն անպայման արտահայտվի այն ձևերով, որոնք հոգեհարազատ են Տիգրանին և նրա ընկերներին’ ձայնալարերի խիստ ծանրաբեռնվածությամբ:
Հասկանում եմ, որ այդ մոտեցումը հետևողականորեն կիրառելու դեպքում կուսակցությունների սահմանները անհստակ և երերուն կդառնան: Բայց հակառակ դեպքում իսկապես մեծ է աղանդ դառնալու վտանգը»: