«Ժողովուրդ». Երևան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաև թիվ 86 ավտոբուսային երթուղու համար
Նմանատիպ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն «Քինգ դելյուքս» ընկերության երթուղայիններին են վնասում, այլև մեկ ուրիշ երթուղու: Բանն այն է, որ Երևան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաև Երևանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար: Նշված երթուղին սպասարկում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: Իսկ այնտեղի բնակիչները նախընտրում են վերը նշված վարչական շրջանները բարեգործական անվճար ավտոբուսներով հասնել: 86 համարի վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասել է. «Ասում են’բարեգործական ա, ուսանողների համար, ով ասես նստում ա, կանգառ առ կանգառ կանգնում են, դե էլ ո՞վ կնստի մեր ավտոբուսները: Ավելի լավ ա’հին «պազիկ» նստեն, բայց կարևորը’ անվճար ա»: Վարորդները հավելել են, որ այս ամենից ելք չեն տեսնում, քանի որ, ըստ նրանց, «Ծառուկյանը հզոր ա, իրա դեմ խաղ չկա, օրենքներն էլ չեն աշխատում»: «Բարեգործական հիմնադրամն այդ մասին ոչ մի ահազանգ չի ստացել, մինչև այս պահը նման խնդիր չի առաջացել, առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում